Մշտադիտարկում. հատուկ դպրոցներում հետազոտության արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ

Հատուկ հանրակրթական հաստատություններում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ հատուկ դպրոցներում գրանցվել են երեխաների դեմ բռնությունների բազմաթիվ դեպքեր, և արձանագրվել է, որ բռնության կանխարգելման և բացահայտման համար բացակայում է արձագանքման ռազմավարությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծված հասարակական դիտորդական խումբը չորեքշաբթի ներկայացրեց ՀՀ ԿԳՆ ենթակայության 13 դպրոցներում 2010-2011 ուստարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Հարցումներին մասնակցել են 6 տնօրեն, 67 ուսուցիչ, 27 ծնող, 150 աշակերտ:

Դպրոցներում նկատված բազմաթիվ խնդիրներ (շենքերի վերանորոգվածություն, ջեռուցում, որակյալ մասնագետների բացակայություն և այլն) բնորոշ են գրեթե բոլոր հաստատություններին և պահանջում են համակարգային լուծումներ, սակայն կոնկրետ հաստատություններում բացահայտվել են նաև մասնավոր խնդիրներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ բացահայտվել են նաև խնդիրներ երեխաներին հատուկ հաստատություններ ընդունելու ընթացակարգերի, նրանց իրավունքների և այլն վերաբերյալ:

Ըստ Աշոտյանի` այսօր հատուկ դպրոցներում կան երեխաներ, ովքեր չունեն որոշակի խեղում, շեղում կամ հիվանդություն, սակայն ծնողները նրանց բերել են հատուկ դպրոց, որպեսզի պետությունը հոգա այդ երեխաների ոչ միայն կրթության կարիքը, այլև կենցաղային խնդիրները:

«Մենք կարծում ենք, որ ընտանիք ունեցող երեխան պետք է վերադառնա ընտանիք: Այլ հարց է, որ նրանց համար պետք է ապահովվեն սոցիալական նվազագույն պայմաններ, որպեսզի ծնողները ստիպված չլինեն իրենց երեխաներին հանձնել հատուկ դպրոց»,- ասաց նախարարը:

Մշտադիտարկող խմբի նախագահ` Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանն ասում է, որ հատուկ դպրոցներում կարևոր խնդիրներից մեկը պատիժների համակարգն է, և շատ դպրոցների աշխատակիցները երեխաների պատիժը կազմակերպում են այլ երեխաների կողմից` այդպիսով հիերարխիկ համակարգ և վախի մթնոլորտ ստեղծելով ավագների և կրտսերների, թույլերի և ուժեղների միջև:

Դիտարկումների հիման վրա արվել են մի շարք առաջարկություններ, այդ թվում` ստեղծել հատուկ մեխանիզմ` հաստատությունների և ընտանիքների մշտական փոխադարձ կապն ապահովելու համար, հաստատությունների համապատասխան ծառայությունները` բուժկետ, լոգարաններ, ննջասենյակներ և այլն, հարդարել ու կահավորել համապատասխան կահույքով, գույքով և այլն: