Նվիրաբերելով ջերմություն. բարեգործական համերգը կխթանի Գյումրու դպրոցի ջեռուցման համակարգի դրամահավաքին

Գյումրու Բայրոնի դպրոցում օրեցօր ավելի է որոշակիանում հույսը, որ 2014-ի ձմեռն արդեն տաք դասասենյակներում` առանց վերարկուի ու առանց մրսելու կանցկացնեն:

17 տարի կենտրոնական ջեռուցման հնարավորությունից զրկված Գյումրու լավագույն դպրոցներից մեկի համար կազմակերպվող դրամահավաքը դանդաղորեն մոտենում է եզրագծին: Նոր կենտրոնական ջեռուցման համակարգ տեղադրելու համար անհրաժեշտ գումարը թեև դեռ ամբողջովին չի հավաքվել, սակայն դրամահավաքը նախաձեռնած «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ղեկավարը լիահույս է, որ շատ մոտ ապագայում ողջ գումարը կունենան:

Գալիք երկուշաբթի էլ Երևանում բարեգործակական համերգ տեղի կունենա` բրիտանացի հայտնի ջութակահար Ռաֆալ Զամբրզիսկի-Փեյնի, դիրիժոր Թոմաս Քերոլի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունենալիք համերգին երաժիշտները Չայկովսկի, Մոցարտ և Մենդելսոն կնվագեն: Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը ևս կօգտագործվի Բայրոնի դպրոցի ջեռուցման համար: Տոմսերն արժեն 1000-15.000 դրամ (մոտ 2,5-36 դոլար): Ցանկացողները կարող են նաև Մեծ Բրիտանիայի դեսպանությունից 30.000 (մոտ 72 դոլար) VIP տոմսեր ձեռք բերել:

Ինչպես Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հաղորդակցության հարցերով ղեկավար Լիլիթ Քալանթարյանն է ասում, գնային նման տատանումը թույլ է տալիս ցանկացողներին իրենց ֆինանսական հնարավորությունների չափով օգտակար լինել դպրոցին` շեշտելով, որ իրենց համար յուրաքանչյուր նվիրատվություն էլ ողջունելի է և ցանկալի:

Մեծ Բրիտանիայի կառավարության և բրիտանահայ կազմակերպությունների ջանքերով 1988-ի աղետալի երկրաշարժից հետո կառուցված Բայրոնի անվան անգլիական թեքումով դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը անհամբերությամբ սպասում է երկուշաբթի օրվա համերգին: Տնօրենը, ով դպրոցը ղեկավարում է 1991 թվականից, ասում է` մեծ ակնկալիքներ ունեն համերգից և արդեն վստահ են, որ այս ձմեռը ավելի լավ պայմաններում կանցկացնեն:

«Բոլորս շատ լավ ենք տրամադրված, շատ ոգևորված ենք… այս ընթացքում մենք էլ ծնողական հանգանակություն ենք կազմակերպել, ով ի վիճակի է եղել, որոշակի սիմվոլիկ գումար է նվիրել` 1000 դրամի չափով: Դրամահավաքին են միացել նաև ուսուցիչները, դպրոցի նախկին շրջանավարտները»,- պատմում է Հարությունյանը, ում ղեկավարած դպրոցում այսօր 438 աշակերտ է սովորում:

Անգլիական թեքումով դպրոցը Գյումրու նման քաղաքում, որը մեծ չափով ավերվել էր երկրաշարժից, իսկապես հրաշալի նորամուծություն էր մութ ու ցուրտ 90-ականների սկզբին` իր հրաշալի գույքով, գերազանց շենքային պայմաններով և իհարկե կենտրոնացված ջեռուցմամբ, որը հազվադեպ երևույթ էր 90-ականների սկզբի էներգետիկ ճգնաժամի պայմաններում ոչ միայն Գյումրու, այլև ողջ Հայաստանի համար: Դպրոցը բացել էր անձամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը 1990-ի հունիսին: Սակայն բրիտանացիների կառուցած դպրոցի գերազանց ջեռուցման համակարգը շարքից շուտ դուրս եկավ, քանի որ տեխնոլոգիան այնքան էլ հարմար չէր Գյումրու նման ցուրտ քաղաքի համար, որտեղ ձմռանը ջեմաստիճանը կարող է մինչև 25 աստիճանի հասնել:

Դպրոցի ջեռուցման հարցը բարձրացրել էր դպրոցի տանիքը կառուցած շինարարական ընկերության սեփականատեր Դեյվ Դոուելը, ով որպես դպրոցի բարերար, հաճախ է այցելում Հայաստան: Անցյալ տարվա ձմռան իր այցելությունից ծանր տպավորություններ ստացած Դոուելը նամակ էր հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնին` նկարագրելով ստեղծված իրավիճակը ու խնդրել քայլեր ձեռնարկել` ասելով, որ եթե այսպես շարունակվի, ապա դպրոցը կարող է փակման վտանգի առջև կանգնել, քանի որ աշակերտների թիվը տարիների ընթացքում մոտ երեք անգամ նվազել է: Բարեբախտաբար, Քամերոնը արձագանքել էր` հանձնարարելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպաններին զբաղվել խնդրով:

Եվ ահա դեսպան-ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսը և Քեթրին Լիչը դպրոց էին այցելել, խոսել տնօրենի հետ, քննարկել լուծման հնարավոր տարբերակները ու արդյունքում որոշել էին դիմել հայ-բրիտանական «Թեքեյան կենտրոն» հիմնադրամին, որն արդեն մի քանի դպրոցներում ջեռուցման համակարգ անցկացնելու փորձ ուներ:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը փոխանցեց, որ այս պահին հավաքվել է անհրաժեշտ գումարի մեծ մասը` մոտ 11,8 միլիոն դրամ (մոտ 28.500 դոլար): Ըստ նախագծի` ջեռուցման ամբողջ ծրագիրը կարժենա մոտ 14,5 միլիոն դրամ (մոտ 36 հազար դոլար): Գումարը նվիրաբերել են և՛ Հայաստանում, և՛ Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ դեսպան Ջոնաթան Էյվսը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի հայ համայնքի, Հայաստանի ու հայերի հետ առնչություն ունեցող տարբեր շահագրգիռ կառույցների հետ, որի արդյունքում, Ծուլիկյանի խոսքով` մոտ 40 կազմակերպություններ և բազմաթիվ անհատներ նվիրաբերություններ են կատարել: Դեսպանների ընտանիքը ևս իր ներդրումն է ունեցել:

«Եթե Գյումրու քաղաքապետարանն ու Շիրակի մարզպետարանն էլ օգնեն գազիֆիկացման աշխատանքներին, խոստացել են, որ կօգնեն, արդեն կարելի է մի քանի շաբաթից ծրագիրը սկսել»,- ասում է Ծուլիկյանը:

Դրամահավաքը նախաձեռնողները բարեգործական համերգից հետո կամփոփեն դրամահավաքի արդյունքները, և եթե անհրաժեշտ գումարը հավաքված չլինի, կշարունակեն աշխատանքները: