Բարձրագույն կրթության համար ավելի բարձր ուսման վարձ. այս աշնանից կբարձրանան բուհերի վարձավճարները

Հայաստանյան մի շարք պետական բուհեր նոր ուսումնական տարին կսկսեն բարձրացված ուսման վարձավճարներով, ինչը, սակայն, չի վերաբերի նախորդ տարիներին բուհ ընդունված ուսանողներին: Նախատեսվում է տարբեր բուհերում տարեկան վճարները բարձրացնել 20 հազարից մինչև 200 հազար դրամ (50-480 դոլար):

Ըստ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ վերջին երեք տարիներին Հայաստանում ուսման վարձ չի բարձրացել, ամեն ինչ թանկացել է, բացի ուսման վարձից: Բարձրացումն ինքնանպատակ չի արվում, և լավ կրթությունը լավ գին է ունենում:

«Այս տարիներին զսպողական քաղաքականություն է վարվել, որպեսզի ուսման վարձերը կտրուկ չբարձրանան։ Ուսման վարձի թանկացումը նպատակ է հետապնդում բարձրացնել դասախոսների աշխատավարձերը։ Պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում որպես հասարակություն, եթե ուզում ենք, որ դասախոսի աշխատավարձերը բարձր լինեն, պիտի պատրաստ լինենք ուսման վարձի թանկացմանը»,- ասում է նախարարը՝ ավելացնելով, որ շուտով ծնողների աշխատավարձերն էլ կբարձրանան:

Նրա խոսքով՝ առաջիկայում սահմանվելու է ուսման վարձի վերին շեմ, ինչը կախված է լինելու մատուցվող կրթական ծառայությունների որակից, ինչն էլ հիմնականում չափվելու է հավատարմագրման գործիքով:

Հակադարձելով նախարար Աշոտյանին՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասում է, որ լավ կրթությունը, անշուշտ, շատ թանկ հաճույք է, բայց լավ կրթությունը նշանակում է լավ լսարան, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կրթություն:

«Ամբողջ աշխարհում են բարձրացել կրթության վարձավճարները, բայց թե Հայաստանում ինչպե՛ս կարող են այդ գումարը հայթայթել` դա եղել ու մնում է անլուծելի խնդիր: ՀՀ կառավարությունը պետք է կրթության ֆինանսավորման համար մեկ այլ ձև գտնի: Պետպատվերի արտոնությունը սպառել է իրեն, քանի որ կոռուպցիոն ռիսկերն ավելի են մեծանում,- ասում է Բախշյանը: - Ինչ վերաբերում է այն հաշվարկին, որ դասախոսների աշխատավարձերն ընդամենը պետք է 5-10 հազար դրամով ավելանան, ուրեմն համալսարանն այնքան ճեղքեր ունի, որ չի կարողանում փակել»:

Ըստ նրա՝ դա անազնիվ քայլ է, քանի որ վարձավճարների գումարների մի մասը հավանաբար կգնա ռեկտորի կամ պրոռեկտորի գրպանը:

Այդուհանդերձ, արդեն սեպտեմբերից առաջին կուրսեցիներին «գնաճով» կդիմավորեն պետհամալսարանը, պետական տնտեսագիտական և ճարտարագիտական համալսարանները, ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Գալիք ուսումնական տարվանից ԵՊՀ ընդունվողները ստիպված կլինեն վճարել 20-100 հազար դրամի (50-240 դոլար) չափով ավելի շատ ուսման վարձ` կախված մասնագիտությունից: Տնտեսագիտական համալսարանում վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով (240-360 դոլար), նախկին տարեկան 400-450 հազար դրամի (965-1100 դոլար) փոխարեն այսուհետ պետք է վճարեն 500-600 հազար դրամ (1200-1500 դոլար): Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի (965-1250 դոլար) սահմաններում` կախված մասնագիտությունից: Կոնսերվատորիայում ուսման վարձն ավելացել է 100-200 հազար դրամով (240-500 դոլար): Այսուհետ տարեկան 600 հազար դրամի (1500 դոլար) փոխարեն ապագա երաժիշտները կվճարեն տարեկան 700-800 հազար դրամ (1700-1950 դոլար):

Բախշյանն ասում է, որ ընտրությունների ավարտին հաջորդեցին թանկացումները, անմասն չմնացին նաև ուսման վարձավճարները: Նա մանրամասնորեն ծանոթացել է բուհերի կրթական ծրագրերին, սակայն որևէ տեղ չի նկատել, որ բուհերում դասախոսների աշխատավարձերի բարձրացում է սպասվում:

«Եթե ԵՊՀ ռեկտորը խոստանա, որ համալսարանում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, դասախոսը կխրախուսվի ուսանողի գնահատականի հիման վրա` դա այլ հարց է, բայց ուսման վարձավճարները չեն կարող որևէ կապ ունենալ դասախոսի աշխատավարձերի բարձրացման հետ»,- համոզված է Բախշյանը: