Քննությունների շրջան. անցյալ տարվա համեմատ մայրենի լեզվից միավորներն ավելի ցածր են

Անցյալ շաբաթ տեղի ունեցած հայոց լեզվի և գրականության միասնական քննության միջին գնահատականը անցյալ տարվա համեմատությամբ մի քանի նիշով ցածր է, նվազել է նաև առավելագույն գնահատական ստացածների թիվը:

Այս տարվա միասնական քննություններին մասնակցելու դիմում-հայտ է ներկայացրել շուրջ 15.000 դիմորդ, որոնցից «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն են հանձնել հայտագրված 8975 դիմորդներից 8648-ը: Մինչդեռ անցյալ տարի եղել էր 18.105 դիմորդ, իսկ հայոց լեզվի և գրականության քննությանը մասնակցել էին հայտագրված 11.795 դիմորդներից 11.419-ը:

Երկուշաբթի Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հրապարակել է հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննության գնահատականները, ըստ որոնց միջին գնահատականը 13,25 է՝ նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

ԳԹԿ-ից «ԱրմենիաՆաուին» տեղեկացնում են, որ այս տարի հայոց լեզվի և հայ գրականության քննությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուր դիմորդների 9 տոկոսը, մինչդեռ նախորդ տարի անբավարար ստացած դիմորդները կազմում էին 5,6 տոկոսը:

Իսկ առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ՝ անցյալ տարվա 200-ի փոխարեն:

Հայաստանում անցկացվող միասնական քննություններից թերևս ամենահակասականն արդեն մի քանի տարի հայոց լեզվի և գրականության քննությունն է, որն անցկացվում է թեստերի միջոցով, և դիմորդներները, ծնողներն ու կրկնուսույցները բողոքում են գլուխկոտրուկի նման բարդ թեստերից, ուղեցույցներին անհամապատասխանությունից:

Դեռևս հայոց լեզվի և գրականության միասնական քննության օրը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանում տեղակայված քննական կենտրոնում մասնակցելով քննությանը ասել էր, որ տասնյակից ավելի քննական առաջադրանքներ, որոնք խնդրահարույց էին համարվում, հանվել են շտեմարաններից, և թեստերի հեղինակների հավաստիացմամբ՝ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ:

Սակայն լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն ասում է, որ Հայաստանում փչացրել են թեստային համակակարգի լավ գաղափարը, և սկզբունքորեն խախտվում է թեստ կառուցելու ընդունված կարգը:

«ԳԹԿ-ն արդեն մի քանի տարի հենվում է նույն մարդկանց վրա, և այդ թեստերը վարկաբեկում են թե՛ դպրոցը, թե՛ հայոց լեզվի ուսուցումը, զզվանք են առաջացնում դիմորդների մեջ, հարյուրավոր սխալներ ցույց տրվեցին, սակայն սխալներն ուղղում են, բայց մարդկանց չեն փոխում»,- ասում է լեզվաբանը:

Ավելի վաղ շուրջ 1139 դիմորդ էլ քննություն էր հանձնել ռուսաց լեզվից, որի միջին գնահատականը 11,08 է, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 15 տոկոսը: