Թեստի ժամանակը. դիմորդների գերակշիռ մասը ընդունելության քննություններից հետո սովորելու է բուհերում

Հայաստանում ավարտվեց սովորաբար մեծ լարվածությամբ անցնող բուհական քննությունների հերթական փուլը՝ դիմորդների մեծ մասի համար դրական ավարտով։

Այս տարի քննություններ հանձնած ավելի քան 15 հազար դիմորդներից Հայաստանի տարբեր բուհեր ընդունվեցին մոտ 12 հազարը։ Նախօրեին էլ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է թափուր տեղերի մրցույթի մասին։ Մոտ 500 դիմորդներ, ովքեր դուրս են մնացել մրցույթից, բայց դրական միավորներ են ստացել, ցանկության դեպքում կարող են այնուամենայնիվ սովորել այն ֆակուլտետներում, որոնք այնքան էլ մեծ պահանջարկ չեն վայելում։ Փաստորեն բուհ չի ընդունվել մոտ 2500 դիմորդ։

Համաձայն կրթության և գիտության նախարարության տվյալների՝ պահանջարկ չեն վայելում հետևյալ մասնագիտությունները՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, էկոլոգիա, կենսաբանություն, երկրաբանություն, եկեղեցաբանություն, ռուսաց լեզու և գրականություն, հունարեն լեզու և գրականություն և այլն:

Մինչդեռ այս երկուշաբթի հրապարակված ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թվականի անվճար և վճարովի մրցույթների արդյունքները ցույց են տալիս, որ ամենամեծ մրցակցություն եղել է ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, սերվիս, պատմություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, տնտեսագիտության տեսություն, կառավարում, հոգեբանություն, արաբագիտություն, թուրքագիտություն մասնագիտությունների գծով։ Օրինակ՝ քաղաքագիտության ֆակուլտետում անվճար սովորելու համար դիմորդը պետք է հավաքեր 59.50 միավոր 60 հնարավորից, վճարովի տեղերի համար՝ 48.50։

Սակայն այս ֆակուլտետների մեծ մրցույթը ամենևին էլ չի նշանակում, որ հայաստանյան աշխատաշուկայում ամենաշատ պահանջված մասնագիտությունները սրանք են։ Համաձայն Զբաղվածության պետական ծառայության տվյալների՝ շուկայում այժմ մեծ պահանջարկ են վայելում ծրագրավորողի, հաշվապահի, շուկայագետի, բանվորի, շինարարի, ինժեների, վաճառողի, սպասարկման ոլորտի մասնագիտությունները։

17-ամյա Մուշեղ Հովսեփյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Պատմում է, որ իր համար առավել դժվար եղել է քննությունների համար պարապելու ընթացքը։ Հովսեփյանը 51.25 միավորով սովորելու է վճարովի համակարգում, վճարը 400.000 դրամ է (մոտ 1000 դոլար): Հովսեփյանն ասում է, որ ընդունելության համար պարապելը շատ ավելի թանկ է նստել իր ծնողների համար։

«Պատասխանատվությունը մեծ էր։ Նախ՝ պետք է հուսախաբ չանեի ծնողներիս, որովհետև մեծ գումար էր պահանջում պարապելը։ Դժվար էր նաև, որ անընդհատ ուշադրության կենտրոնում էի, ու երևի շատերն էին սպասում գնահատականիս։ Նաև պատասխան պետք է տայի վերջում ինքս իմ առջև։ Հայերենի դեպքում կրկնակի ջանք էր պետք, օրական 5-6 ժամ տանջվում էի, իսկ անգլերենի դեպքում՝ 2 ժամ։ Չէինք հասցնում երբեմն քնել, հաց ուտել ու մեկ-մեկ պարապմունքների ժամանակ էինք հասցնում»,- ասում է Հովսեփյանը՝ շեշտելով, որ դպրոցի տված գիտելիքներով շատ դժվար կլիներ քննություն հանձնել, իսկ պարապելու դեպքում այդքան էլ դժվար չէ։

Կրթության և գիտության նախարարը պնդում է, որ այս տարի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում։

«Հասարակության և ԶԼՄ-ների ուշադրությունը մեզ օգնում է մի կողմից ավելի լավ կազմակերպել քննական գործընթացը, մյուս կողմից՝ արձանագրում դրական միտումներ՝ գործընթացի կազմակերպչական և բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- ասում է նախարարը։

Չնայած նախարարի այս հայտարարությանը՝ այս տարի ևս հնչեցին դժգոհություններ հայոց լեզվի թեստերի առնչությամբ։ Դիմորդները և հայոց լեզվի շատ մասնագետները կրկին պնդում են, որ թեստերը արհեստականորեն բարդացված են, շատ են շփոթեցնող հարցերը, ինչպես նաև հին, գործածությունից դուրս եկած բառերը, որոնք այժմ ոչ ոք չի էլ հիշում։