Առաջին օրը` ֆինանսների դաս. բուհերի ուսանողները բողոքում են ուսման վարձերի բարձրացման դեմ

Երկուշաբթի մի խումբ ուսանողներ ուսումնական տարվա առաջին օրն անցկացրեցին լսարաններից դուրս` բուհերի շենքերի առջև ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքի ակցիաներ անցկացնելով, որի ժամանակ ակտիվիստներից մեկը բերման է ենթարկվել:

Առավոտից Երևանի պետական համալսարանում դասերը բոյկոտող ուսանողները հավաքվել էին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, որոնց միացան նաև կոնսերվատորիայից եկած ուսանողները, ովքեր մյուս ուսանողներին էլ կոչ էին անում միանալ բողոքին:

«Մինչև հաղթանակ պայքարելու ենք, ու եթե բոլորը կանգնեն ուսանողի կողքին, հաստատ հաղթելու ենք»,- ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանը, ում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին` պարզաբանելով, որ ուսանողը մի քանի անգամ զգուշացվել է բարձրախոսով ելույթ չունենալ, սակայն չի կատարել ոստիկանության օրինական պահանջը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն էլ ուսման վարձավճարների բարձրացման որոշումը չեղյալ համարելու պահանջով բողոքի երթ էր կազմակերպել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտից դեպի կառավարության շենք` Հայաստանի գործադիր իշխանության ուշադրությունը վերոնշյալ խնդիրների վրա հրավիրելով:

Հայաստանի մի քանի պետական բուհեր, այդ թվում՝ մայրը բուհը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, կոնսերվատորիան և այլն, դեռևս մայիսին որոշում էին կայացրել 2013-2014 ուսումնական տարում թանկացնել ուսման վարձերը:

Մասնավորապես, Երևանի պետական համալսարանում ուսման վարձավճարը բակալավրի 59 և մագիստրատուրայի 20 մասնագիտությունների համար բարձրացել է 100.000 դրամով (մոտ 246 դոլար): Ներկայումս մայր բուհում ուսման նվազագույն վարձավճարը 400.000 դրամ է (մոտ 987 դոլար), առավելագույնը` 800.000 (մոտ 1975 դոլար):

Բուհերից մի քանիսը պարզաբանել են, որ ուսման վարձերի բարձրացման հիմնական պատճառը պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտությունն է:

Թեև վարձերը բարձրանալու են միայն այս տարի բուհ ընդունվածների համար և չեն տարածվում բուհերում արդեն սովորողների վրա, սակայն դեռևս ամռան սկզբից պարբերաբար անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցում են բազմաթիվ ուսանողներ, ինչպես առաջին, այնպես էլ բարձր կուրսերից` պահանջելով չեղյալ համարել վարձավճարները բարձրացնելու որոշումը, իսկ աշխատավարձերը բարձրացնելու համար այլ միջոցներ հայթայթել:

Ուսանողների բողոքին է միացել նաև ԵՊՀ դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Անի Զախարյանը, ով թեև ասում է, որ չնչին աշխատավարձ է ստանում, սակայն դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա ուսանողների հաշվին:

«Ինձ չի հետաքրքրում, թե իմ աշխատավարձն ինչքան կբարձրացնեն, եթե իմ աշխատավարձը պետք է բարձրանա վաղվա իմ լավ բժշկի, լավ փաստաբանի հաշվին, ես չեմ ուզում: Տնտեսության հաշվին է, որ պետք է զարգանան կրթությունը, մշակույթը և այլ բոլոր օղակները, մինչդեռ այսօր փորձում են կրթության ոլորտում դասախոսների, ռեկտորների բողոքները ուսանողների միջոցով լռեցնել»,- ասում է դասախոսը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը անցյալ հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ, որի ընթացքում կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, ասել էր, որ օրենքի ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն կունենա համապատասխան որոշումներով այս դաշտը կանոնակարգելու և հստակ ազդակներ հաղորդելու նաև բուհերին, թե նրանց գնագոյացման ռազմավարությունն ինչպիսին պետք է լինի: