Հայաստանը հյուրընկալել է բարձրագույն կրթության հարցերին նվիրված տարածաշրջանային խոշոր համաժողով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը:

Համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները:

Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության ծառայությունը, ողջունելով համաժողովի ներկաներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում ու գործադիրի ամենօրյա քննարկումների առարկան է:

«Ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, և ցանկացած կառավարություն աշխատում է ճիշտ կողմնորոշվել իր ռազմավարությունն ընտրելիս: Այս տարի Չինաստանում կայացած ամառային Դավոսի ժամանակ տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ քննարկում էին, թե որո՛նք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները: Ֆորումի մասնակիցները համաձայնության եկան մի հարցի շուրջ, որ այդ մարտահրավերներին լավագույն պատասխանն այն բարեփոխումներն են, որոնք պետք է իրականացվեն կրթական համակարգում»,- ասել է վարչապետ Սարգսյանը:

«Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում, որտեղ հիմնական առանձնահատկությունը փոփոխությունների արագությունն է և անորոշությունների տեսակարար կշռի ավելացումը»,- հավելել է նա:

Վարչապետի խոսքով՝ երիտասարդ սերունդն առաջին հերթին պետք է ունենա արագ փոփոխվող աշխարհում ապրելու ունակություն, ինչը նշանակում է, որ երիտասարդներին պետք է տրամադրվեն մտածողության նոր գործիքներ:

Կառավարության ղեկավարի համոզմամբ` բարձրագույն կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ, սկսած մանկապարտեզից-դպրոց, բուհ և վերապատրաստման ծրագրեր, քանի որ ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի ցկյանս:

«Եթե դուք բարձրագույն կրթություն եք ստացել, դա չի նշանակում, որ պատրաստ եք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին: Պետք է մշտապես ձեռք բերեք գիտելիքներ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ժամանակակից հասարակության հիմքը համալսարաններն են, որոնց շուրջ պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց իրենց գիտելիքները ներառել արդյունաբերության մեջ»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ դիմելով համաժողովին ներկա ուսանողներին:

Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը կհուշի պատասխաններ, թե ինչպե՛ս իրականացնել այդպիսի ծրագրեր և հասնել հաջողության:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում:

Համաժողովին մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը և կրթության ոլորտի այլ մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից: