Նախկին դաշնակիցները՝ «պատերազմի» մեջ. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն տարաձայնություններ ունեն ուսանողների աջակցության ծրագրի շուրջ

Հանրապետական-«Բարգավաճ Հայաստան» լոկալ պատերազմները քաղաքական դաշտից տեղափոխվել են կրթական ոլորտ։ Այս անգամ երկու նախկին դաշնակիցները «կռվում» են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի՝ պետական բուհերի սոցիալապես անապահով ուսանողներին տրամադրվելիք կրթաթոշակների պատճառով։

Ու թեև կրթության նախարարությունը հայտարարել է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինների կողմից պաշտոնական առաջարկի դեպքում նախարարությունը պատրաստ է համագործակցելու կրթաթոշակների ուղղությամբ, սակայն ԲՀԿ-ականները դեռ չեն շտապում հայտնել իրենց դիրքորոշումը։

«Եթե նախարարությունը պատրաստակամ է, ապա մենք ավելի վաղ էինք հայտնել մեր պատրաստակամության մասին և ակնկալում ենք առարկայական քայլեր»,- հակադարձում է ԲՀԿ պատգամավոր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Վահան Բաբայանը։

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը մոտ մեկ ամիս առաջ դիմել է պետական բուհերին՝ խնդրելով տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ուսանողների ցուցակը՝ նրանց միանվագ 100 հազար դրամ, ոմանց էլ՝ ամսական կրթաթոշակներ նշանակելու նպատակով։ Սակայն պետական բուհերը, շնորհակալություն հայտնելով առաջարկի համար, խնդրել էին դիմել կրթության նախարարություն և ծրագիրն իրականացնել նախարարության միջոցով։ Հիմնադրամի պատասխանատուները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Վահան Բաբայանը և ԲՀԿ երիտասարդական միության ղեկավար Վահե Էնֆիաջյանը նամակով դիմել էին նախարարությանը և պնդում էին, որ պատասխան չեն ստացել։

Էնֆիաջյանը հարցը բարձրացրել էր նաև Ազգային ժողովի ամբիոնից. Էնֆիաջյանը և Բաբայանը հատկապես շեշտում էին այն հանգամանքը, որ եթե «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին այդպես էլ չեն պատասխանել, ու դրա հետևանքով տուժում են այդ ֆինանսական օժանդակության կարիքը ունեցող բազմաթիվ ուսանողներ, ապա նախարարը չէր զլացել և իր «Ֆեյսբուքի» էջում տեղեկացրել էր, որ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքսանյան» հիմնադրամը սոցիալապես խոցելի խմբում գտնվող 100 ուսանողի 200-հազարական դրամ է հատկացրել ու շնորհակալություն հայտնել նրան։

Նախարար Արմեն Աշոտյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում պնդեց, որ իրենք անպատասխան չեն թողել ԲՀԿ-ականների նամակները (դրանց պատճենները տեղադրվել են նախարարության կայքէջում, ԲՀԿ-ականներն ասում են՝ նոյեմբերի 4-ին ուղարկված նամակները դեռ չեն ստացել), և տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ են միշտ խնդիրներ առաջանում հենց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ, և ինչո՞ւ նրանք ընդունված կարգի համաձայն չեն գործում։ Նախարարը շեշտել էր, որ նամակներն ուղարկվել են կուսակցական բլանկի վրա, մինչդեռ ԲՀԿ-ականները իրեն միշտ հավաստիացրել են, որ ԲՀԿ-ն ու «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը տարբեր բաներ են։

«Բլանկի ձևը խնդի՞ր է, որը կարող է դառնալ և փաստորեն դառնում է խոչընդոտ՝ կարիքավոր ուսանողներին օժանդակելու համար, ընդ որում, երբ այդ օժանդակությունը բարի կամքի դրսևորմամբ մեկ մարդու հիմնած հիմնադրամից է տրամադրվում»,- հարցնում է ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։