Միավորում. բուհերի միացումը գյումրեցի դասախոսների և ուսանողների մտահոգությունների տեղիք է տալիս

ՀՀ կառավարության՝ քննարկման փուլում գտնվող բուհերի միավորման նոր նախագիծը, որի համաձայն Գյումրում ու Վանաձորում միավորվելու են մի քանի բուհեր, դժգոհությունների ու քննարկումների ալիք է բարձրացրել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության շրջանում:

Նախատեսվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը միավորել և ձևավորել մեկ բուհ՝ Գյումրու արվեստի ակադեմիա, ինչից հետո էլ կդադարեցվեն մասնաճյուղերի գործունեությունը: Նույն ճակատագիրն է սպասում Հայաստանի պետական ճարտարագիտական և մանկավարժական համալսարանների Վանաձորի մասնաճյուղերին: Կառավարությունը նախատեսում է այս երկու բուհերի միավորմամբ հիմնել Վանաձորի պետական համալսարանը:

Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանն ասել է, որ իրատեսական չի համարում տարբեր զարգացածության մասնաճյուղերի միավորումը. «Այն տասը քայլ հետ կտանի: Նորից զրոյից սկսելը խելամիտ չէ»:

Նույն ակադեմիայի դասախոսներից Գոհար Սմոյանն էլ «ԱրմենիաՆաուին» ասում է, որ աշխատակազմը անվերապահորեն կփոխվի, կրճատումներ կլինեն:

«Սա խայտառակություն է, իբր ի՞նչ են ուզում անել, մեր հաշվին էլի՞ մի քանի հոգու պահել: Եվ այս ամենը անել մասնավորապես հենց Գյումրու հանդեպ, սա արդեն Գյումրին սպանել է նշանակում, ու սա երևի նրա պատասխանն է, որ Գյումրին այս իշխանությանը ուղղակի ձայն չտվեց»,- ասում է Սմոյանը:

Ակադեմիայի դասախոսներից գեղանկարիչ Սարգիս Հովհաննիսյանն էլ դժգոհում է, որ կառավարությունը երբևէ չի եկել ու հանրային քննարկումներ չի անցկացրել իրենց հետ, և միանգամից որոշում են՝ միացնել:
«Իրականում կառավարությունն ուզում է քանդել մշակույթը: Խնդիրը ոչ թե միացնելու մեջ պետք է լիներ, այլ թե արվեստի ակադեմիան ի՞նչ խնդիրներ ուներ, և ի՞նչ կարելի էր անել դրանց լուծման համար»,- «ԱրմենիաՆաուին» ասում է նա:

Վանաձորում բուհերի միավորմանը կողմ է մանկավարժական ինստիտուտը, դեմ՝ ճարտարագիտականը: Այս շաբաթ Վանաձորում բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպմանը կրթության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, թե «հանրային քննարկում» ասվածը չի նշանակում, որ բոլորի հետ պետք է առանձին-առանձին հարցը քննարկվի: Հանրային քննարկումը նշանակում է, որ փաստաթուղթը պետք է հասանելի և բաց լինի հանրությանը, ինչն արվել է:

«Ուզում եմ նշել, որ այս որոշումն ակնթարթային չի եղել. այն վաղուց է հասունացել և քննարկվել է մի քանի անգամ, ՀՊՃՀ-ի գործող և նախկին ռեկտորների, ինչպես նաև մասնաճյուղի տնօրենի հետ: Պետք է նշեմ, որ քննարկումների արդյունքում մենք ընդհանուր հայտարարի չենք եկել: Այն անհանգստությունները, որոնք կապված են դասախոսների ապագայի հետ, մարդկային տեսանկյունից լիովին հիմնավորված են, սակայն պետք է վստահեցնեմ, որ դրանք անհիմն են: Այո՛, կլինի վարչական կազմի, տնտեսական, տեխնիկական, սպասարկման կազմի խոշորացում, բայց ո՛չ երբեք՝ պրոֆեսորադասախոսական»,- ասել է նախարարը:

Ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը դեմ են արտահայտվել բուհերի միավորմանը` պատճառաբանելով, որ այդկերպ կտուժեն, տարեցտարի հետին պլան կմղվեն տեխնիկական, ինժեներական մասնագիտությունները, նաև խնդրահարույց է բուհի նյութատեխնիկական բազայի և մասնաշենքերի պահպանման հարցը:

Նախարար Աշոտյանն ասել է, որ փորձելու են լսել և կայացնել այնպիսի որոշում, որը օգուտ կտա ոչ թե կոնկրետ մարդու` ինչ-որ մի ռեկտորի, տնօրենի, դեկանի, այլ օգուտ է լինելու բացառապես շահագրգիռ կողմերի մեծ մասին: