Դպրոցների վարկանիշավորում. կրթության նախարարն ասում է, որ պիլոտային ծրագրի արդյունքները կներկայացվեն առաջիկայում

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2014 թվականին իր ղեկավարած կառույցի առաջնահերթ խնդիրներից մեկը համարում է հանրակրթական դպրոցների վարկանիշավորումը։

Չորեքշաբթի լրագրողների հետ կայացած հանդիպմանը նախարարն ասաց, որ վարկանիշավորման պիլոտային ծրագիրն արդեն իրականացվել է, և առաջիկայում արդյունքները կներկայացվեն հանրությանը։

Դպրոցների վարկանիշավորումը նախատեսված է «Հանրակրթության մասին» օրենքով, գործընթացը պետք է ուժի մեջ մտներ 2012 թվականի սեպտեմբերին, կառավարությունը դեռ 2010 թ. սեպտեմբերի 3-ի որոշմամբ սահմանել էր գործընթացի անցկացման կարգը։ Այս գործընթացի իրականացումը կրթության ոլորտի պատասխանատուները անհրաժեշտ էին համարել, քանի որ դպրոցների վարկանիշները շատ հաճախ ձևավորվում են սուբյեկտիվ հասարակական կարծիքի, ասեկոսեների հիման վրա։

2012-ին բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 37 միլիոն դրամ (մոտ 91.400 դոլար) էր ներդրել կրթության ոլորտում չորս ծրագիր իրականացնելու համար, ծրագրերից մեկը վերաբերում էր հենց դպրոցների և բուհերի վարկանիշավորմանը։

«Փողով ռեյտինգ չենք տալու։ Մենք մեր աշխատանքը շատ ենք հարգում: Մենք կլրամշակենք մեթոդաբանությունը և որևէ հանրային կազմակերպությանը իրավունք կտանք իրականացնել այն: Այսպես է արվում նաև տարբեր երկրներում»,- չորեքշաբթի լրագրողներին վստահեցրեց նախարարը՝ ընդգծելով, որ համակարգը ներդնելու շնորհիվ քաղաքացին իր երեխային այս կամ այն դպրոց ընդունելուց առաջ օբյեկտիվ, մասնագիտական գնահատական ունենա։

Աշոտյանը համոզված է, որ վարկանիշավորումը դպրոցներում դրական փոփոխությունների կհանգեցնի, նաև թույլ կտա հայտնաբերել այն դպրոցներին, որոնք թերանում են այս կամ այն հարցում, և շտկել այդ թերացումները։ Մինչդեռ ժամանակին վարկանիշավորման գաղափարին կողմ հանդես եկած Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը այժմ դժգոհություններ ունի, կարծում է՝ սա անհեռանկար գործընթաց է։

«Այս գործընթացը լավ գաղափար ուներ իր մեջ՝ բարձրացնել դպրոցների միջև մրցակցությունը, որ ամեն դպրոց իր վարկանիշի շնորհիվ տեղ գրավեր, աշակերտներով համալրվեր, բայց ես անձամբ որպես կրթության ոլորտի մարդ՝ չափազանց դժգոհ եմ այս գործընթացի հրապարակայնությունից։ Ոչ մի տեղ այս մասին ոչինչ չեմ կարդացել, ավելին՝ իմ հարցումներին, թե ի՞նչ է կատարվում, ո՞ւր հասանք, որտե՞ղ, ինչպե՞ս, ո՞վ է իրականացնում այս վարկանիշավորումը, որևէ առարկայական պատասխան չեմ ստացել»,- «ԱրմենիաՆաուին» փոխանցեց Բախշյանը։

«Հանրակրթության մասին» օրենքի ընդունման ժամանակ Բախշյանը պատգամավոր էր (2009-ին), ասում է՝ «իր կոտրած ձեռքով նպաստել է վարկանիշավորման գործընթացի ամրագրմանը օրենքում, բայց հիմա փոշմանել է»։

«Այն ժամանակ դեռ հույս ունեի, որ մեր երկրի կառավարման համակարգը ի նպաստ է աշխատելու պետության կայացմանը, և մտածում էի, որ այս ձևով մենք կխթանենք դպրոցների ստեղծագործելու, մի բան անելու մղումը։ Բայց գնալով համոզվեցի, որ դրանցից ոչ մեկն էլ ոչ մի կարևորություն չունի։ Եթե դու համակարգին չես ծառայում, եթե ընտրություններին համապատասխան կեղծարարությամբ չես զբաղվում, ապա եթե դպրոցի տնօրեն ես, քո վարկանիշը որոշվելու է, թե դու քանի տոկոս ձայն բերեցիր։ Դրանից հետո ինչ ուզում ես արա... ամենատխուր հետևությունն է, որ այս տարիքում հանգել եմ։ Մեր երկրում մրցակցություն ասվածը, ավելի լավը անելու մղումը գործունեության հիմքում չի դրված, դրված է ավելի կեղծելու, պետությունից ավելի գողանալու, պետությանը վնաս տալու հնարքներ մտածելու հանգամանքները»,- ասում է Բախշյանը։