Հայաստանի կրթության նախարարն առաջարկել է մայիսի 16-ը նշել որպես ուսանողության օր

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է, որ մայիսի 16-ը Հայաստանում նշվի որպես ուսանողության օր:

Հինգշաբթի կառավարության հերթական նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ դեռ 2010-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը դիմել էր կառավարություն այս առաջարկով: (Ուսխորհուրդն առաջարկել էր 1919 թ. մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, սահմանել ուսանողության օր):

Նախարարը նշել է, որ հավանության արժանանալու դեպքում մայիսի 16-ը կլինի աշխատանքային օր և հավելել, որ դա, այնուամենայնիվ, կնպաստի երկրում ուսանողների ներգրավվածությանը սոցիալական, տնտեսական, բնապահպանական և քաղաքական գործընթացներին:

Քննարկումների ընթացքում վարչապետը նկատել է, որ մայիսին շատ տոներ կան, իսկ ՀՀ տրանսպորտի և կապի Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հայ ուսանողները ավանդաբար նշում են ուսանողության միջազգային օրը նոյեմբերի 17-ին: Աշոտյանը հայտարարել է, որ հատկապես երիտասարդության ազգային դաստիարակության համատեքստում մայիսի 16-ը պետք է տոնել առանձին, և կրթական համակարգի բովանդակության ազգայնացման տեսանկյունից կարևոր է նաև այդ սիմվոլիզմը տեղադրել: