Զինապարտությունն ընդդեմ կրթության. օրինագիծը երիտասարդներին թույլ է տալիս գրավի դիմաց արտերկրում սովորել

Կառավարության հավանությանն արժանացած՝ ԿԳՆ առաջարկած «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հակասությունների ու քննարկումների տեղիք է տվել հանրության տարբեր շրջաններում: Փոփոխություններով նախատեսվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրաներում կամ ասպիրանտուրաներում սովորողներին տարկետում տալ միայն հանձնաժողովի թույլտվությամբ և գրավի պայմանով, որը կազմում է 8,5 միլիոն դրամ (21 հազար դոլար):

«Նպատակն է փակել սողանցքները, որոնց շնորհիվ մարդիկ խուսափում են զինծառայությունից: Եթե մարդ ուզում է սովորել, նա նպատակային պետք է սովորի, ոչ թե խուսափի զինծառայությունից: Հիմա ուսանողների մոտիվացիան այն է, որ մի տեղ ընդունվենք, որ խուսափենք բանակից: Ստեղծվում է արհեստական մրցակցության մթնոլորտ, որի հետևանքով շատ աղջիկներ և այլ խելացի, ասենք, բանակում ծառայած տղաներ դուրս են մնում գործընթացից»,- ասում է ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը:

Տարեկան գրեթե 200 երիտասարդ է դիմում ԿԳՆ կրթական ծրագրերի, որոնց 90 տոկոսը զինապարտ համարվող արական սեռի ներկայացուցիչներ են, որոնց մի մասը կրթություն ստանալուց հետո Հայաստան չի վերադառնում:

Տիգրան Սահակյանը նշում է, որ իրենք վստահ են, որ օրենքի փոփոխությունները չեն սահմանափակում կրթության իրավունքը:

«Մենք պետք է տարանջատենք կրթության իրավունքը և պետության նկատմամբ պատասխանատվությունը: Եթե դու ընտրում ես պետության առաջարկած կրթաթոշակային ծրագիր, պարտավոր ես հաշվի նստել պետության կանոնների հետ: Նախարարության առաջնահերթ խնդիրը կրթություն ստանալն առաջնային նպատակ դարձնելն է»,- ասում է նա:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ կարծում է, որ «Զինապարտության մասին» օրենքի փոփոխված տարբերակը ստեղծում է անհավասար պայմաններ և նպաստում կոռուպցիային:

«Օրենքում կան երկակի ստանդարտներ, և խելացի երիտասարդի փոխարեն զինվորական ծառայությունից էլի կխուսափեն մեծահարուստների որդիները, ովքեր առանձնապես գիտությամբ զբաղվելու ցանկություն չունեն: Մի՛ խոչընդոտեք կրթություն ստանալու իրավունքը,- ասում է Բլեյանը: - 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ովքեր չունեն առողջական խնդիր, թող ծառայեն զինված ուժերում, հետո կրթություն ստանան և զբաղվեն գիտությամբ: Նախ՝ զինվորական ծառայություն, հետո նոր՝ կրթություն: Սա կլինի արդար մոտեցում, և հարուստների որդիներն էլ կրթություն ստանալու դիմակի տակ ծառայությունից չեն խուսափի»:

Անդրադառնալով 8,5 միլիոն դրամ գրավի չափին՝ նա ասում է, որ օրենսդիրներին 20 հազար դոլարն է պետք, ոչ թե երիտասարդի վերադարձը: Ըստ նրա՝ անհավասարությունն օրենքով է սահմանվում, մարդկանց շրջանակն է նեղացվում, օլիգարխացվում է:

«Ընդհանրապես բացառությունները պետք է որևէ ձևով վերացնել: Իշխանության զավակները պետք է ծառայեն բանակում»,- ասում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանն էլ կարծում է, որ օրենքի փոփոխության նպատակը հստակ չէ, արդարության սկզբունքն էլ չի վերականգնվում: Անդրադառնալով գրավի չափին՝ նշում է, որ այն ողջամիտ չէ, ու եթե մարդը որոշել է չվերադառնալ, արտասահմանում կտեղավորվի աշխատանքի, շատ արագ վաստակելով կուղարկի այդ գումարը: