Հաշմանդամություն ունեցող անձինք կշահեն Գեղեցիկ արվեստների ակադեմիայի և քաղաքապետարանի համատեղ ծրագրից

Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի և քաղաքապետարանի համատեղ ծրագրի արդյունքում հաշմանդամության խնդիր ունեցող 18 անձինք առաջիկայում կկարողանան գրեթե անվճար ուսում ստանալ:

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 1996-ին հիմնված դիզայնի մասնագիտության գծով բարձրագույն որակավորման մասնագետներ պատրաստող ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ակադեմիայի շենքում կան բավարար պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ուսումն ապահովելու համար:

Հայաստանում կա շուրջ 180.000 հաշմանդամներ, որոնց մեծ մասը զրկված է ուսում ստանալու հնարավորություններից:
«Շենքում գործում է վերելակ, նույնիսկ թեքահարթակների կարիք չկա, միայն զուգարանի խնդիրն է, որի գծագրերն արդեն վերցրել ենք և պետք է կառուցենք: Իսկ մասնագիտություններն այնպիսին են, որ նույնիսկ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք կարող են իրենց բնակարանի մի մասում ստեղծել արվեստանոց ու աշխատել հենց տեղում: Եթե միասին աշխատենք, խոստանում եմ, որ մեկ տարի անց ներկա կլինենք հրաշալի մի ցուցահանդեսի»,- ասում է Սեդրակյանը՝ հավելելով, որ ուսման վարձը 360.000 դրամ (մոտ 880 դոլար) է, որի 60 տոկոսը վճարելու է Երևանի քաղաքապետարանը, 30 տոկոսը՝ բուհը, իսկ մնացած 10 տոկոսը պետք է վճարի ուսանողը:

Նույն ակադեմիայի դասախոս, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ 10 տոկոսը սիմվոլիկ գումար է, սակայն եթե ուսանողները չկարողանան դա էլ վճարել, իրենք կդիմեն հիմնադրամների օգնությանը:

«Անվճարի նկատմամբ լուրջ վերաբերմունք չի լինում, իսկ եթե ուսանողն էլ իր ներդրումն ունենա, ավելի շահագրգռված կլինի: Հետագայում, եթե նրանք լավ մասնագետ լինեն, միշտ էլ նրանց կարիքը կլինի»,- ասում է Ադիբեկյանը՝ հույս հայտնելով, որ սա կարող է նախադեպ դառնալ նաև այլ բուհերի համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող «Ունիսոն» և «Փյունիկ» ՀԿ-ների ներկայացուցիչներն «ԱրմենիաՆաուին» ասում են, որ սա շատ լավ հնարավորություն է, և արդեն արձագանք են ստացել բուհ ընդունվելու ցանկություն հայտնողներից:

«Շատերին է արդեն հետաքրքրել այդ նախաձեռնությունը: Եթե լինեն այդ տաղանդն ունեցող անձինք, շատ լավ կլինի, կրթություն ստանալու լրացուցիչ հնարավորություն է, միայն ափսոս, որ ընդամենը մեկ ուղղվածություն է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Ունիսոն» ՀԿ հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը: