Նախարարը հերքում է ուսումնական ծրագրից եկեղեցու պատմությունը հանելու մտադրությունը

Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, որ ներկայումս ուսուցանվում է Հայաստանի ողջ հանրակրթական դպրոցներում, չի հանվի ուսումնական ծրագրից, չորեքշաբթի խորհրդարանում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Աշոտյանին ընդդիմադիր պատգամավորը խնդրել է մեկնաբանել՝ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի վերջին զեկույցում «Կրոնի պատմություն» առարկան հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից հանելու հանձնարարականը, քանի որ դա, իբր, խախտում է խղճի և կրոնի ազատությունը և այդկերպ հակասում է մարդու հիմնական իրավունքներին ու ազատություններին:

Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Նա նկատել է, որ Հայաստանում կրթության բովանդակությունը որոշում է Հայաստանի կառավարությունը, իսկ ՄԱԿ-ի զեկույցում հանձնարարականները պարտադիր բնույթ չունեն:

«Զեկույցը պատրաստելիս մենք աշխատել ենք ՄԱԿ-ի մասնագետների հետ, սակայն այս միտքը զեկույցում հայտնվել է իրենց քաղաքացիական ակտիվիստներ համարող, հայկական արմատներ ունեցող, սակայն արևմտյան արժեքներ կրող, գրանտային կազմակերպություններից ֆինանսավորվող մարդկանց կողմից»,- ասել է նախարարը՝ հրաժարվելով Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անունները նշելուց, ովքեր ՄԱԿ-ի զեկույցում այդ հանձնարարականը ներառելու կողմնակիցն են եղել: