Կրթությունը և կրոնը. եկեղեցու պատմություն առարկան դարձյալ քննադատության թիրախ է դարձել դասագրքերի, դասավանդման ձևերի համար

Թեպետ Հայաստանում կրթությունը Սահմանադրությամբ աշխարհիկ պետք է լինի, սակայն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ու դրա դասավանդման ձևերը այլևս լուրջ խնդիր են Հայաստանում` պնդում են առարկայի դասագրքերն ու դասապրոցեսներն ուսումնասիրած փորձագետները:

Այնուամենայնիվ, դասագրքի հեղինակները պնդում են, որ այն մշակել են լավագույն մասնագետներ, ու դրանց կիրառման 12 տարիների ընթացքում որևէ բողոք չեն ստացել:

Խորհրդային վերջին տարիներին սկսված ու անկախության հետ ավելի մեծ թափ ստացած Հայաստանի կրոնական զարթոնքով պայմանավորված կրոնական զգացմունքները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շրջանակներում դպրոցը դարձնում է կրոն քարոզելու միջոց` չորեքշաբթի մտահոգություն հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Մկրտչյանը:

«Մենք չպետք է դպրոցը դարձնենք սուբյեկտիվ կրոնական մոտեցումները որպես գիտելիք ներկայացնելու գործիք: Պետք է գիտակցել, որ սա ավելի լուրջ խնդիր է, ու պետք է լուծումներ փնտրել սրանց համար»,- իր դիրքորոշումը պարզաբանեց մարդաբանը` ընդգծելով, որ դպրոցներում կրոնը պետք է երեխաներին որպես գիտության մաս ներկայացնել:

«Պետության և եկեղեցու համագործակցությունը կրթական հաստատություններում» քննարկման մասնակիցների մեծ մասին հուզում էր Մկրտչյանի արծարծած խնդիրը, քանի որ թե´ դասագրքերի քննությունը, թե´ քննարկման զեկուցողների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առարկան ոչ այնքան կրոնագիտություն է, որքան Հայ առաքելական եկեղեցու դավանանքի ու ծիսակարգի քարոզչություն:

Թեմաների վերնագրերից անգամ դատելով` փորձագետները փաստում են, որ Հայ առաքելական եկեղեցու պատմությունը սկսվում է դասավանդման երրորդ տարում, այսինքն` 7-րդ դասարանից, մինչ այդ հիմնականում ներկայացվում են Աստվածաշունչը, Հայոց եկեղեցու ծեսերն ու ավանդույթները:

Մանկավարժ Արմինե Դավթյանը երկու այլ մասնագետների հետ ուսումնասիրել է առարկայի բոլոր դասագրքերի օրինակներ, ինչի արդյունքում եզրակացրել է, որ դասընթացի ժամանակ մի կրոնի [Հայ առաքելական] պատմության ու ծիսակարգի ուսումնասիրությունը պարտադրվում է բոլոր երեխաներին` առանց ծնողների կարծիքը հաշվի առնելու.

«Մինչդեռ Հայաստանի օրենսդրությամբ ծնողն է որոշում իր երեխայի դավանանքի հարցը»:

Ի հավելումն Դավթյանի` Մկրտչյանն ասաց, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ներմուծման արդյունքում արարչագործական տեսության ու բնագիտական առարկաների գիտելիքների միջև հակասություն է առաջացել.

«5-6-րդ դասարաններում աշակերտներն անցնում են արարչագործության տեսությունը: Թեև որտեղի՞ց է առաջացել մարդկությունը հարցի պատասխանը կա նաև կենսաբանության ու համաշխարհային պատմության դասագրքերում, սակայն այդ առարկաների շրջանակներում այդ հարցերն ավելի ուշ տարիքում են անցնում»:

«Բառացիորեն չեմ հիշում, բայց դեպք գիտեմ, երբ կենսաբանության ուսուցչուհին փորձել է համադրել կենսաբանական մոտեցումը արարչագործական մոտեցման հետ, իսկ երբ երեխաները հակադրվել են, փորձել է փոխզիջման գնալ, ասելով` մարմինը ֆիզիոլոգիա է, այսինքն` կարող է քննվել կենսաբանների կողմից, իսկ հոգին Աստծո դատին է տրված»,- հավելեց Մկրտչյանը:

Մինչդեռ դասագրքի մշակման համահեղինակ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը քննարկմանը հայտարարեց, որ անցած 12 տարիներին որևէ քաղաքացուց կամ ուսուցչից որևէ գրավոր բողոք չեն ստացել դասագրքերի բովանդակության կամ դրանց դասավանդման ի վերաբերյալ:

«Դասընթացը մշակել են ՀՀ հայագիտական բոլոր կրթական հաստատությունների ներկայացուցիչները` ԵՊՀ, Մատենադարան, Գևորգյան ճեմարան, Կրթության ազգային ինստիտուտ»,- հավելեց Ղանդիլյանը` տեղեկացնելով, որ տարիների ընթացքում առարկան դասավանդող բազմաթիվ ուսուցիչներ են վերապատրաստվել:

«Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքերը շրջանառության մեջ են 2002 թվականից նախ` ընտրված դպրոցներում, այնուհետ աստիճանաբար 2006-ին պարտադիր են դարձել բոլոր դպրոցների համար: