Հայաստանում նվազել է բուհերի դիմորդների թիվը

Այս տարի Հայաստանի բուհերում դիմորդների թիվն անցյալ տարվա համեմատությամբ նվազել է 2,5-3 հազարով, և քննություններին մասնակցելու համար հայտագրվել է 12 հազար դիմորդ: Այս մասին հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:

Այս տարի դպրոցն ավարտում են 1996-1997 թվականներին ծնվածները, իսկ, ինչպես հայտնի է, այդ տարիներին ծնելիությունը բավականին ցածր է եղել, հետևաբար, դիմորդների թվի պակասը պայմանավորված է նաև դրանով: Սակայն ոլորտի մասնագետները դա պայմանավորում են նաև ավագ դպրոցների մոդելի կիրառմամբ, երբ շատերը հիմնական դպրոցն ավարտելուց հետո պարզապես չեն շարունակում կրթությունը, ինչպես նաև քոլեջների մակարդակի բարձրացմամբ, ինչի հետևանքով շատերը այդտեղ սովորելուց հետո համարում են, որ նորմալ կրթություն ստացել են և չեն դիմում բարձրագույն ուսումնական հաստատություն:

«Հուրախություն մեզ` մեր դիմորդների թիվն այնքան էլ չի նվազել: Նախորդ տարի ունեինք 1680 դիմորդ, այս տարի` 1620: Մենք այդքան էլ չենք տուժել, իհարկե, կան մասնագիտություններ, որոնց գծով դիմորդներն ավելի ակտիվ են: Հումանիտար մասնագիտությունների գծով դիմորդների պակաս չենք ունեցել, սակայն ֆիզիկայի և մաթեմատիկայի գծով որոշակի առումով «կաղում» ենք: Հուսանք՝ հայտերի երկրորդ, երրորդ կամ էլ չորրորդ կետերի հիման վրա կունենանք ուսանողներ»,- ասում է Մելիք-Բախշյանը՝ հավելելով, որ մանկավարժական համալսարանում այս տարի նոր մասնագիտություններ չկան, սակայն երկու տարի առաջ բուհում բացված հագուստի մոդելավորման բաժինը դիմորդների պակաս չունի:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղարՎաչագան Գալստյանը դեռևս օրեր առաջ տեղեկացրել էր, որ Երևանի պետական համալսարան է դիմել 2200 դիմորդ` անցյալ տարվա համեմատությամբ 400 դիմորդով պակաս:

Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանն էլ տեղեկացրեց, որ կան մասնագիտություններ, ինչպես, օրինակ, տնտեսագիտությունը, իրավագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված մասնագիտությունները, որոնց գծով դիմորդների թիվը նախորդ տարիների համեմատությամբ պահպանվում է:

«Ընդունելության շեմը հաճախ իջեցվում է, շատերն են բուհ ընդունվում, և որակի առումով խնդիրներ են առաջանում: Տաղանդավոր երեխաների համար պետք է լավ պայմաններ ստեղծվեն, հակառակ դեպքում կունենանք ուղեղների արտահոսք»,- ասում է Աղաբաբյանը:

Դիմորդներն արդեն հանձնել են քննությունների հիմնական մասը, և Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ նախորդ տարվա համեմատությամբ միջին միավորը գրեթե բոլոր առարկաներից նվազել է: 0,24-ով բարձրացել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միջին միավորը: