Կրթություն. բուհերում ընդունելության նոր չափանիշները բազմաթիվ հարցեր են ծնում

Կրթության և գիտության նախարարաության (ԿԳՆ) որդեգրած քաղաքականությունն, ըստ որի՝ դրական գնահատական ստացած յուրաքանչյուր դիմորդ կընդունվի բուհ, գուցե կգոհացնի դիմորդներին, սակայն ըստ մասնագետների՝ կիջեցնի կրթության որակը:

2014-ին Հայաստանի բուհերում ընդունելության քննություններին մասնակցելու համար հայտագրվել է 12 հազար դիմորդ, որն անցյալ տարվա համեմատությամբ 2,5-3 հազարով պակաս է: Դիմորդների թվի պակասը արդարացվում է դեմոգրաֆիական խնդիրներով. այս տարի դպրոցն ավարտում են 1996-1997 թվականներին ծնվածները, իսկ, ինչպես հայտնի է, այդ տարիներին ծնելիությունը բավականին ցածր է եղել, դիմորդների թվի պակասը պայմանավորվում է նաև արտագաղթով: Դիմորդների թվի ցածր ցուցանիշը ուսանող չկորցնելու պատճառով շատ բուհերի ստիպել է ընդունել դրական գնահատականի ամենացածր շեմն ապահոված դիմորդներին, կան բուհեր, որտեղ ընդունվել են նույնիսկ ատեստատի գնահատականներով:

Անգլերենի կրկնուսույցներից մեկն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ նախորդ տարիների համար ոչ անցողիկ բալերով այս տարի ընդունվել են նույնիսկ անվճար հիմունքներով:

Օրեր առաջ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով դիմորդների զանգվածային ընդունելությանը, ասել է, որ երբ բարձրագույն կրթությունը դառնում է մասսայական, դա լավ ցուցանիշ է համարվում միջազգային կրթական դասակարգիչների մեջ:

«Անպայման չէ, որ 18 միավոր ստացած դիմորդն ավելի լավ ուսանող կլինի, քան 10 միավոր ստացածը: Բացի այդ, աշխատաշուկայում հեռանակարները բացվում են միայն աշխատասեր, սովորող և ուշիմ երիտասարդների առջև: Այսօր իրավաբանների «գերարտադրություն» ունենք, բայց բոլորը լավ իրավաբան են փնտրում: Այնպես որ, որակի խնդիրը միշտ էլ կա»,- ասել էր նախարարը:

Սակայն կրթության ոլորտի մասնագետների կարծիքով այս գործելաոճը ևս մեծ հարված կհասցնի ուսումնական որակին:

«Բուհերը պարտավորեն ապահովել իրենց տված դիպլոմի որակի երաշխիքը: Եթե օբյեկտիվորեն քննություն անցկացնեն և անհրաժեշտ բալեր հավաքողներին պահեն, իսկ մնացածներին դուրս թողնեն, այս դեպքում ուսանողը կիմանա, որ եթե չսովորի ինչպես հարկն է, չի ստանա այդ ցանկալի դիպլոմը, բայց արդյո՞ք բուհերն անաչառ կգնահատեն և զերծ կմնան այդ շատ վտանգավոր սկզբունքից, որ ամեն մի ուսանող փող է, գումարը չկորցնելու մոլուցքը կստիպի՞ նրանց մտահոգվել կրթության որակի մասին»,-«ԱրմենիաՆաուին» ասում է կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն ու հավելում, որ քանի դեռ բուհերն ունեն ուսանող կորցնելու խնդիր լավատես չէ, որ կապահովվի ուսումնական բարձր որակ:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն, ով նաև դասավանդում է Հեռուստատեսության և ռադիոյի, Բարձր արվեստների ազգային ակադեմիաներում, ասում է, որ կրթական համակարգը թերի է, որն էլ կանգնեցնում է խնդիրների առջև:

«Ես որպես դասախոս գիտեմ, երբ խումբը թույլ է, աշխատում ես դասավանդել թույլի մակարդակով, որ նա մի բան հասկանա, իսկ ամենաառաջատար ուսանողի համար դա լինում է լրիվ անհետաքրքիր, դրա համար դա լուրջ պրոբլեմ կլինի: Բուհը պետք է իր մակարդակը պահի բարձր, թող ընդունվեն բոլորը, բայց ընթացքում ովքեր չեն կարողանա սովորել, թող մաղվեն»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Ադիբեկյանը: