Վարչապետ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցի բացմանը

Հայաստանի վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի մասնակցել է ՀՊՏՀ-ում Բրիտանական բիզնես դպրոցի բացմանը:

Հայաստանի կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել ստեղծված ուսումնական պայմաններին և առաջիկա ծրագրերին, հաղորդել է կառավարության պաշտոնական կայքը:

Աբրահամյանը ողջունել է դպրոցի հիմնումը և նշել, որ կրթության ոլորտը կառավարության ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում երկրի կրթական համակարգի շարունակական կատարելագործման և արդիականացման խնդիրները, ասել է նա:

«Մրցունակ պետություն՝ նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ: Այսպես է սահմանված Հայաստանի կառավարության ծրագրում: Այսօր դժվար է պատկերացնել մրցունակ լինելու գաղափարը, եթե ազգային տնտեսությունը հենված չէ առաջատար գիտելիքների վրա: Ուշադրության կենտրոնում պահելով կրթական համակարգի խնդիրները՝ մենք փորձում ենք հնարավորինս աջակցել և բարենպաստ պայմաններ ստեղծել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման համար»,- ընդգծել է վարչապետը՝ կարևորելով պետական տնտեսագիտական համալսարանում Բրիտանական բիզնես դպրոցի հիմնումը:

Աբրահամյանը բրիտանական առաջատար փորձի կիրառումը Հայաստանում նշանակալի ձեռքբերում է համարել:

«Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ լինելով միակը մեր տարածաշրջանում՝ Բրիտանական բիզնես դպրոցը ձեռք է բերում տարածաշրջանային կարգավիճակ՝ ընձեռելով նաև օտարերկրացիներին բրիտանական չափանիշներին համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն»,- ասել է նա:

Դպրոցի բացմանը ելույթով հանդես են եկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը և Մեծ Բրիտանիայի համալսարանների ներկայացուցիչներ:

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը ստեղծվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Globe Education (GB) LTD ՍՊԸ-ի համագործակցության շրջանակներում: