Աշխարհը գալիս է Դիլիջան. քոլեջն իր դռներն է բացել 96 ուսանողների առաջ

Ժուան Ֆրեյդըշը՝ Պորտուգալիայից, Ելենա Վասիլևան՝ Մուրմանսկից, Վերոնիկա Ֆուգըլը՝ Գերմանիայից, Լինա Սիմը՝ Մալազիայից, Ալինա Խաչատրյանը՝ Մասիսից այն 96 աշակերտներից են, ովքեր սովորում են Հայաստանի UWC («Աշխարհի միացյալ քոլեջներ») կրթական ցանցի հերթական նոր՝ UWC Դիլիջան քոլեջում, որն այս տարվա օգոստոսից իր դռներն է բացել աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչների առաջ:

Պորտուգալացի Ժուանն ասում է, որ լսել էր Հայաստանի մասին, գիտեր, թե որտեղ է գտնվում քարտեզի վրա, բայց ոչ ավելին:

«Հնարավորություն ունեի Կանադա կամ Գերմանիա գնալու, բայց ընտրեցի Հայաստանը, քանի որ այն շատ տարբեր է իմ երկրից՝ մշակույթով, ավանդույթներով ու կենցաղով: Ինձ հետաքրքրում են աշխարհի տարբեր մշակույթները, այդ թվում և Հայաստանը: Շատ օգտակար է, երբ սկսում են ճանաչել այլ մշակույթներ: Մեկ ամսից ավելի է, ինչ այստեղ եմ, բայց հստակ կարող եմ ասել՝ ճիշտ որոշում եմ կայացրել: Սիրում եմ Դիլիջանը»,- ասում է նա:

Օգոստոսի 16-18-ը UWC Դիլիջան են ժամանել 96 սան՝ աշխարհի 48 երկրներից, ովքեր, ըստ ծրագրի, այստեղ են անցկացնելու ուսումնառության երկու տարիները: UWC Դիլիջան քոլեջը միջազգային համատեղ ուսուցման համալիր է՝ նախատեսված ավելի քան 50 երկրներից աշակերտների համար: Այն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցին և 14 քոլեջներից ու դպրոցներից մեկն է, որ երիտասարդների համար ճանապարհ է հարթում աշխարհի լավագույն համալսարաններ:

«UWC քոլեջները, միջազգային բակալավրիատը (IB) թույլ են տալիս ուսանել աշխարհի լավագույն համալսարաններում, որոնք ճանաչում են այս դիպլոմը: Ռուս աշակերտներին հատկացրել էին 10 կրթաթոշակ, մտածեցի՝ կարող եմ հայտնվել այդ ցուցակում, փորձեցի և ահա ես UWC Դիլիջանում եմ»,- ասում է Ելենա Վասիլևան:

Ընդունելության գործընթացն իրականացվում է անկախ ծնողների ֆինանսական կարողությունից և ուղեկցվում է կրթաթոշակային լայնածավալ ծրագրով: Դպրոցում մեկ տարվա ուսման վարձը կազմում է 35 հազար ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների մեծ մասը հնարավորություն կունենա ուսանելու մինչև 100% կրթաթոշակով: Դպրոցում ընդունելությունը կատարվում է UWC-ի սահմանած կարգին համապատասխան՝ UWC ազգային կոմիտեների համակարգի միջոցով:

Ծրագրային առարկաները դասավանդվում են անգլերեն՝ անգլիախոս ուսուցիչների կողմից, սակայն ծրագիրն ընդգրկում է ոչ միայն օտար լեզուների, այլև մայրենի լեզվի, գրականության ու պատմության խորացված ուսուցում:

«Քոլեջը գտնվում է բացառիկ գեղեցիկ բնությամբ հարուստ և հյուրընկալ բնակչությամբ աչքի ընկնող երկրում: Այն կարող է մրցել աշխարհի ցանկացած երկրի հետ: Որպես հիմնադիր տնօրեն՝ ես ոգևորված եմ նոր քոլեջի ստեղծմամբ, որն այս տարի հյուրընկալել է 55 երկրից ժամանած աշակերտների»,- ասում է UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր տնօրեն Ջոն Փադըֆութը, ով նախկինում եղել է Հնդկաստանի Աղախան ակադեմիայի հիմնադիր տնօրենը, Շրի Լանկայի Սբ. Թովմաս քոլեջի ռեկտորը, Միացյալ Թագավորության Իթոն քոլեջի ակադեմիական գծով փոխտնօրենը:

Ըստ Փադըֆութի՝ բացառիկ դպրոցների հիմքում ընկած է բացառիկ դասավանդումը, որը ներարկում է ողջ կյանքի ընթացքում ուսանելու ունակություն և ուսման ծարավ:

«UWC Դիլիջանում ուսուցումը միաձուլելու է ժամանակակից տեխնոլոգիաների և ավանդական կրթական արժեքների ստեղծած բոլոր հնարավորությունները: Ինչպես ես, այնպես էլ մեր բոլոր հիմնադիրներն ու հոգաբարձուները մտադիր ենք UWC Դիլիջանը դարձնել համաշխարհային կրթության առաջատար, բացահայտել անհատի իրական ներուժը»,- ասում է նա:

Քոլեջում մտադիր են մինչև 2020 թ. սաների թիվը հասցնել 650-ի: UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17 քաղաքացիներ՝ 10-ը UWC Դիլիջան միջազգային դպրոցում, 7-ը՝ UWC-ի այլ երկրների քոլեջներում: Քոլեջում դասավանդող 20 ուսուցիչներից 4-ը հայ են:

Կրթահամալիրը զբաղեցնում է 88 հա տարածք՝ Դիլիջանի ազգային պարկի հարևանությամբ: Համալիրի ինքնատիպ ճարտարապետական կառույցը ներդաշնակ է շրջապատող բնությանը՝ հագեցած գերժամանակակից լուծումներով:

Բաղկացած է ուսումնական և վարչական գլխավոր մասնաշենքից, հանրակացարաններից, բժշկական կենտրոնից, բացօթյա մարզահրապարակներից, խաղահրապարակներից ու այգիներից, փակ մարզահամալիրից, աշխատակիցների բնակարաններից, բեմարվեստի կենտրոնից և ճաշարանից, բացօթյա ուսումնական տարածքներից:

UWC Դիլիջան միջազգային դպրոցի փոխտնօրեն Սալի Նորիսն ասում է, որ բացի հիմնական առարկաներից, աշակերտները նաև հայերեն են սովորում, որը ուսումնական ծրագրի պարտադիր մաս է կազմում:

«Արտասահմանից եկած երեխաներն առաջին երկու շաբաթվա ընթացքում ծանոթացել են հայկական մշակույթին, հայկական պարեր են սովորել և հայերեն մի քանի բառեր: Մենք կարևորում ենք տարբեր մշակույթների փոխշփումը, ուզում ենք, որ այդ մշակույթները կրող մարդիկ ապրեն միասին, իսկ արդյունքը կերևա հետո, երբ այստեղ սովորելուց հետո նրանք կվերադառնան իրենց երկիր՝ միշտ հիշելով, որ այս կամ այն երկրում հարազատ ու սիրելի ընկերներ ունեն»,- ասում է Սալի Նորիսը:

Փոխտնօրենի խոսքով՝ բիզնեսում և քաղաքականությունում հաջողության հասած շատ մարդիկ ժամանակին հենց իրեց քոլեջների շրջանավարտներ են եղել:

Ջոն Փադըֆութն էլ նշում է, որ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնական նպատակը Հայաստանը համաշխարհային կրթական կենտրոնի վերածելն է, որտեղ հնարավորություն կստանան ուսանելու հարյուրավոր երեխաներ աշխարհի տարբեր երկրներից և դառնալ Հայաստանի դեսպանները ամբողջ աշխարհում:

«Բացի կրթական նպատակներից, այս նախագիծը միտված է նաև բարելավելու Դիլիջանի սոցիալ-տնտեսական վիճակը՝ ավելացնելով տեղական բյուջեի մուտքերը, նպաստելով գործազրկության կրճատմանը, զբոսաշրջության և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասում է նա:

UWC-ի առաքելությունն է՝ կրթությունը դարձնել մարդկանց, ազգեր և մշակույթներ համախմբող ուժ՝ խաղաղ և կայուն ապագա կերտելու նպատակով: Առաջին՝ Ատլանտիկ քոլեջը հիմնադրվել է Ուելսում՝ 1962 թվականին: Այն 14 դպրոցների և քոլեջների ցանց է աշխարհի 5 մայրցամաքներում: Տարեկան ավելի քան 7500 սան և 50.000 շրջանավարտ: Կամավորական հիմունքներով ձևավորված ավելի քանի 140 երկրներում գործող ազգային կոմիտեների ցանց, որոնք և կատարում են դիմորդների ընտրությունը:

UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր դոնոր, հայտնի ռուս գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի մոտ դպրոցի ստեղծման գաղափարը ծագել էր դեռևս 2006 թվականին: Տարածաշրջանի տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման համար նրանք հիմնադրել են IDeA կոչվող հիմնադրամը:

Իր հայաստանյան հարցազրույցներից մեկում Ռուբեն Վարդանյանը նշել է, որ IDeA հիմնադրամը կիրականացնի բարեգործական ծրագրեր, որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա և կօգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատևման մոդելից անցնելու բարգավաճման մոդելի: