Հայաստանն ընտրում է մարդկային կապիտալի զարգացման ճանապարհը, ասում է նախագահ Սարգսյանը

Հայաստանը ներկայանում է աշխարհին կրթության, գիտության, գիտելիքահեն արդյունաբերության ոլորտում իր ձեռքբերումներով, այլ ոչ թե բնական պաշարներով, շաբաթ օրն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ:

«Մենք չենք պատրաստում որևէ մեկի հետ մրցակցել բնական պաշարների և սեփական երկրի ընդերքի շահագործմամբ:

Ընդերքի անդառնալի մաշումը որևէ տեղ անվերջ լինել չի կարող՝ դրա հնարավորությունները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետևողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը՝ օգտվելով մարդու ստեղծագործական բոլոր հնարավորություններից»,- ասել է Սարգսյանը՝ հավանաբար ակնարկելով Հայաստանի մրցակցային առավելությունը իր տարածաշրջանային ախոյան, նավթով և գազով հարուստ Ադրբեջանի նկատմամբ:

«Հայերի ուսումնատենչությունը, ստեղծագործական տաղանդը, գործարար հաջողությունները միշտ և ամենուր հիացմունք են առաջացրել: Եվ եթե որևէ բնական պաշար անխուսափելիորեն սպառվելու է, ապա մարդկային այս որակն այդ վտանգին չի ենթարկվում: Այո՛, մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե նավթով, գազով, խավիարով, այլ Մատենադարանով, «Թումո» կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումներով: Եվ հենց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու: Ապագայում մենք մեզ ավելի վստահ ենք զգալու»,- ասել է Հայաստանի պետության ղեկավարը՝ ըստ նրա մամուլի ծառայության:

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, բազմաթիվ հյուրեր: