Հայաստանն ընդունել է օրենք 12-ամյա պարտադիր կրթության մասին

Հայաստանի Ազգային ժողովը 85 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է պարտադիր 12-ամյա կրթությանը վերաբերող օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի 2017-ից:

Պարտադիր 12-ամյա կրթությունն իր մեջ ներառելու է սովորողի ընտրությամբ կա՛մ ամբողջական միջնակարգ կրթությունը, կա՛մ միջին մասնագիտական կրթությունը: Այժմ Հայաստանում պարտադիր կրթությունը 9-ամյա է:

ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ օրինագծին դեմ են քվեարկելու, իսկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ կողմ է օրինագծին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, որ թեպետ իր կարծիքով այս կառավարությունը «այդ գործը չի կարող գլուխ բերել, բայց օրենքը, որպես այդպիսին, ճիշտ է և պետք է ընդունվի»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, որ թեև որոշակի մտահոգություններ առաջացնող դրույթներ հանվել են, ժամանակ է անհրաժեշտ կրթական բարեփոխումների բոլոր իրավական հարցերը մշակելու համար: