Պարտադիրն ընդդեմ հետաքրքիրի. մանկավարժներն ասում են` 12-ամյա կրթությունը լավ գաղափար է, բայց երեխաներին խթաններ են պետք

Թեև անցյալ շաբաթ Հայաստանի Ազգային ժողովն առանց «դեմ» քվեարկության ընդունեց պարտադիր 12-ամյա կրթության անցնելու մասին օրենքը, որն արդեն 2017-ից կմտնի ուժի մեջ, սակայն ոլորտի մասնագետները փաստում են, որ երկիրը դեռևս պատրաստ չէ այդ պարտադրված փոփոխությանը:

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը վստահ է, որ 9-ամյա կրթությունն այն կրթական բավարար ցենզը չէ, որը կարող է բավարարել աշակերտների մոտ սովորելու ցանկություն ունենալու դեպքում հետագայում շարունակել մասնագիտական կրթությունը:

ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասում է, որ թեև նույնպես ողջունել է օրենքի ընդունումը, և կարծում է, որ երիտասարդների` մինչև 19 տարեկանը կրթության մեջ լինելն օգտակար կլինի ապագայում խելացի ու զարգացած քաղաքացի ունենալու համար, սակայն նրա խոսքով՝ օրենք ընդունելով` իշխանությունները ստանձնում են շատ լուրջ պատասխանատվություն՝ լուրջ ներդրումներ կատարել ոլորտում թե՛ ֆինանսների և թե՛ կրթության կազմակերպման առումով:

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս սկզբունքորեն կողմ է 12-ամյա կրթության գաղափարին, սակայն ասում է՝ մի բան է գաղափարը, այլ բան՝ քաղաքականությունը:

«Կրթության քաղաքականությունը սկզբունքորեն պետք է հիմնվի հնարավորի վրա, լինի իրատեսական, ինչը մենք այսօր չունենք: Ես կուզեի, որ շեշտը դրվեր ոչ թե պարտադիրի վրա, այլ հետաքրքիրի, այնպես արվեր, որ դպրոցը հետաքրքիր լիներ, այդ պարագայում երեխաներն արդեն իրենք իրենց ոտքով կգան դպրոց, ոչ թե պարտադրված: Մեզ պետք չեն դպրոցներ, որտեղ երեխաները ընդամենը ֆիզիկապես, մարմնով պետք է ներկա լինեն»,-ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խաչատրյանը:

Մասնագետի կարծիքով` այսօր թե՛ ավագ դպրոցները և թե՛ ուսումնարանները պատրաստ չեն աշխատելու այն երեխաների հետ, ովքեր դուրս են գալիս իններորդ դասարանից, քանի որ նրանք հիմնականում բազմապատկման աղյուսակն էլ չգիտեն, տարբեր պատճառներով ձախողել են իրենց կրթությունը:

«Եթե մենք հիմա նրանց ստիպում ենք, որ ևս երեք տարի էլ պետք է գան դպրոց, արդյոք մեր ուսուցիչները պատրա՞ստ են այս երեխաների հետ աշխատելու: Եթե երեխաները պետք է գան ձևի համար, դա մեզ պետք չէ: Ենթակառուցվածքների հետ կապված էլ խնդիրներ ունենք, շատ համայնքներում նույնիսկ տրանսպորտ չկա: Բացի այդ, դպրոցից հիմնական կրթությունից հետո դուրս եկողները սոցիալական պայմաններից դրդված են լինում, նրանք ստիպված են աշխատել»,- ասաց Խաչատրյանը:

Երևանի 198-րդ ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը ևս կարծում է, որ երեխաներից շատերն ուսումը չեն շարունակում աշխատանքի անցնելու պատճառով:

«Ցանկացած գործատու սահմանում է, թե ինչ աշխատողներ են իրեն պետք: Եթե գործատուն ասում է, որ իրեն պարզապես անգրագետ մարդիկ են պետք սևագործ աշխատանք կատարելու համար, եթե գործատուն իջեցնում է նշաձողն այնքան, որ հիմնական կրթությունն ավարտելով մարդ կարող է այդ աշխատանքը կատարել, ապա մարդկանց մոտ իրենց կրթական մակարդակը բարձրացնելու ձգտումն այլևս շատ փոքր է լինում: Այսօր մեր տնտեսության վիճակից ելնելով այդքան մեծ թվով բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք էլ չունենք»,- ասում է տնօրենը: