Սահուն դարձնել գործընթացը. ԵՈՒՄ համաժողովը կանդրադառնա դիպլոմների ճանաչելիության հարցին

Մայիսի 7-ին Երևանում մեկնարկելիք Եվրոպական ուսանողական միության (ԵՈՒՄ) 68-րդ համաժողովում կքննարկվի եվրոպական երկրներում կրթական աստիճանների ճանաչելիության խնդիրը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական ուսանողական միության նախագահ Էլիզաբեթ Գեհրկեն:

Գեհրկեն նշեց, որ համարվելով Բոլոնյան համակարգի կարևորագույն գործընթացներից մեկը, այն Հայաստանի, ինչպես նաև շատ այլ երկրների բուհերի ուսանողների դիպլոմները ընդունելի կդարձնի խոշոր եվրոպական երկրներում առանց հավելյալ քննական գործընթացների:

«Բացի այդ, կրթական աստիճանի ճանաչելիությունը կօգնի բուհերի շրջանավարտներին հեշտությամբ համապատասխան աշխատանք գտնելու Բոլոնյան գործընթացի մասնակից 47 եվրոպական երկրներում»,- հավելեց նա:

Դեռևս 1999 թ. 29 եվրոպական երկրները ստորագրեցին այսպես կոչված Բոլոնիայի հռչակագիրը, որով հիմք դրվեց կրթության և գիտության ոլորտում մերձեցման ապահովման գործընթացին, իսկ Հայաստանը հռչակագրին է միացել 2005-ին:

Եվրոպական ուսանողական միության նախագահի ներկայացմամբ` կրթական աստիճանի ճանաչելիությունը ենթադրում է որոշակի գործընթացներ, այսինքն` երկրի կրթական համակարգը պետք է համապատասխանի որակի եվրոպական չափանիշներին, մասնավորապես, կրեդիտների կուտակման եվրոպական ուղեցույցին, որից հետո պետք է լուծվի իրավական խնդիրը:

«Հարևան երկրները ավելի հեշտությամբ են ճանաչում միմյանց կրթական համակարգերը, բայց Բոլոնիայի մաս կազմող երկրները, անկախ իրենց սահմանային հեռավորություններից, պետք է իրականացնեն այդ գործընթացը»,- եզրափակեց Գեհրկեն:

Եվրոպական ուսանողական միության կազմակերպած գագաթնաժողովում, որին կմասնակցեն 40 երկրների 150 պատվիրակներ, կքննարկվեն նաև ուսանողների աշխատունակության, հավասար կրթական հնարավորությունների հասանելիության, դասախոս-ուսանող հարաբերություններում ակադեմիական ազատության հարցերը: