Բոլոնիայի գործընթաց. Հայաստանում քննարկվել են կրթական համակարգի բարեփոխումների առավելությունները, մարտահրավերները

Այս շաբաթ Երևանը պատրաստվում է կրթական խոշոր միջոցառման՝ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին: Հայաստանը` որպես նախարարական 2015 թ. գագաթնաժողովը հյուրընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր, ընտրել է հարևանության ձևաչափը և ֆորումին հրավիրել նաև Բոլոնիայի անդամ հարևան երկրներին Միջին Ասիայից, Կենտրոնական Ասիայից, Միջերկրածովյան և տարածաշրջաններից։

Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005 թ. Բերգենի նախարարական գագաթնաժողովում: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատարմագրման եվրոպական մոտեցում:

Այդուհանդերձ երկրի բարձրագույն կրթական համակարգի անցումը նախկին խորհրդայինից եվրոպականի դժգոհությունների ու քննադատությունների տեղիք տվեց: Ոլորտի փորձագետները դիտարկում են. 10 տարվա ընթացքում բարձրագույն կրթության համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մեծ մասը արտաքին ու ձևական բնույթ ունի, իսկ էությունը և բովանդակությունը մնում են անփոփոխ: Բոլոնյան ռեֆորմները որևէ շոշափելի, դրական արդյունք չեն ունեցել դասավանդման և սովորելու, գիտահետազոտական աշխատանքների կամ կառավարման համակարգի աշխատանքի բուն էության վրա:

ԵՊՀ դասախոս Աղասի Թադևոսյանի կարծիքով` Բոլոնյան ռեֆորմները դեռևս գոհացուցիչ արդյունքներ չեն տալիս, և պատճառն այն է, որ դասախոսներն ու ուսանողները ներքևից չեն բարձրացնում խնդիրները, որպեսզի կրթությունը որակյալ դառնա: Շատերի համար էլ իրականացվող ռեֆորմները դիրեկտիվ են, ինչի արդյունքում ներքևներում մի քանի տեսակի դիմադրություն է առաջացել:

«Ամենամեծ դիմադրությունը դասախոսների «հին գվարդիայի» կողմից է: Դրանք այն մարդիկ են, ում ձեռք է տալիս այս համակարգը, ովքեր առանձնապես չեն ձգտում շատ որակյալ գիտելիք տալ ուսանողին, ովքեր դժգոհ չեն ցածր վարձավճարներից, բայց ովքեր ունեն ուսանողի գնահատականի վրա ազդել կարողացող մեխանիզմներ և գումարներ են ստանում»,- ասում է Թադևոսյանը:

Ոլորտի փորձագետների դիտարկմամբ` Բոլոնյան գործընթացը ենթադրում էր բարեփոխումներ, որոնք պետք է ներդրվեին նաև բուհերի կառավարման համակարգերում, ինչը սակայն չի արվել:

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանն ասում է` խնդիրը բուհական կառավարման մեխանիզմների մեջ է:

«Բուհերը համարվում են ինքնավար միայն վարչական տեսանկյունից, այդ ինքնավարությանը չի մասնակցում ո՛չ ուսանողությունը, ո՛չ դասախոսական կազմը, իսկ եթե չկա մասնակցային կառավարման համակարգ, որին մասնակից են դասախոսներն ու ուսանողները, ապա գործընթացը չի կարող հասնել լսարան: Չկա մասնակցությոն, չկա դրանից բխող նախաձեռնողականություն, նորարարություն»,-ասում է Կարաբեկյանը:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս Արևիկ Անափիոսյանն էլ կարծում է, որ կրթությունը այն դաշտը չէ, որտեղ կարելի է հեղափոխություն անել:

«Հեղափոխությունների միջոցով կրթության ոլորտում բարեփոխումներ անելը ճիշտ չէ, ավելի վատ է լինում, քան մինչև այս ունեցել ենք: Որոշումները շատ զգայական մակարդակով ենք կայացնում, իսկ եթե մենք մեր քաղաքականության որոշումները կայացնենք հետազոտությունների հիմքի վրա, վստահ եմ՝ կունենանք քաղաքականության փոփոխություն»,- ասում է նա:

Բոլոնյան ռեֆորմների կայացման հաջողությունը Կարաբեկյանը տեսնում է բուհական կառավարման համակարգի ապակենտրոնացման մեջ:

«Չի կարելի կառավարել մի եղանակով մի համակարգ, որի բովանդակությունը խարսխված է ազատությունների վրա: Ի վերջո, կա ակադեմիական ազատությունների խարտիան, և եթե դու ուզում ես այդ միջավայրը կառավարել խիստ, դիրեկտիվ ինստրուկցիաների միջոցով, ապա դա չի կարող հաջողություն ունենալ: Քո կառավարման մոդելը պետք է հաշվի առնի կառավարման օբյեկտի առանձնահակությունները ու բովանդակությունը»,- ասում է Կարաբեկյանը: