Բոլոնիայից` Երևան. Հայաստանում բացվել է ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովը

Այսօր` մայիսի 14-ին, Երևանում բացվել են Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումը:

Երկօրյա միջոցառումը մեկտեղել է ներկայացուցիչներ բազմաթիվ եվրոպական երկրներից:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է միջոցառումների բացմանը:

Իր ողջույնի խոսքում Հայաստանի ղեկավարը կարևորել է այս միջոցառումները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համար:

«Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն,- ասել է նա` ըստ նախագահի մամուլի ծառայության: - Պարզ է նաև, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում»:

Սարգսյանը հիշեցրել է գագաթնաժողովի և ֆորումի պատվիրակներին, որ Հայաստանը, 2005-ին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին` «իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց Եվրոպական տարածքի հետ և ստացավ նոր մեխանիզմներ՝ լավագույնս կիրառելու միջազգային փորձառությունը»:

«Այս ամենով հանդերձ՝ առկա տնտեսական և սոցիալական խնդիրները լուրջ մարտահրավերներ են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համար, որտեղ ընդհանուր նպատակները ենթադրում են համատեղ ջանքերի ներդրում և ակտիվ ներգրավվածություն: Զարգացող հասարակությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա շրջանում առավել քան կարևորվում է համադրելի չափորոշիչների կիրառումը՝ բարելավելու աշխատաշուկայի արդի պահանջները, ինչպես նաև կրթական ոլորտի շահառու կողմերի արդյունավետ համագործակցությունը»,- մասնավորապես ասել է Հայաստանի նախագահը:

Սարգսյանը նաև նշել է, որ «եվրոպական կրթական համակարգը, հանձինս Բոլոնիայի գործընթացի, մեծ ներդրում է ունեցել աշխարհի այլ տարածաշրջանների կրթական բարեփոխումների համար՝ կրթական տարբեր ծրագրերի, քաղաքական և ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով»:

«Հայաստանյան կրթական համակարգի համար կարևոր ձեռքբերումներից է 2012 թվականին Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը Երևանում, որը պատասխանատու, միաժամանակ պատվաբեր պարտականություն է: Այն Եվրոպական կրթական արժեհամակարգի փորձառությունը կիսելու և Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններն այս գործընթացին լավագույնս ինտեգրելու հնարավորություն է»,- hավելել է նա: