Փակուղի. բուհերի նախատեսված տեղափոխումը Գյումրի Երևանում դիմադրության է հանդիպում

Երևանի մի շարք բուհերի դասախոսներին և ուսանողներին զայրացրել է քաղաքաշինության նախարարության նախագիծը, ըստ որի առաջարկվում է Երևանի մի քանի բուհ տեղափոխել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք՝ Գյումրի:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, պետական տնտեսագիտական համալսարանը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գյումրի տեղափոխելու նախագիծն առաջարկվել է մայիսի 15-ին Հայաստանի քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում, որը դեռ քննարկման փուլում է և իրագործվելու դեպքում կվերաբերի մի քանի հազար ուսանողների:

Նախագծի հեղինակ, վաստակավոր ճարտարապետ, Գյումրու նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ գլխավոր խնդիրը մայրաքաղաք Երևանի գերծանրաբեռնվածությունն է, իսկ ըստ շրջանառվող լուրերի` բուհական շենքերի փոխարեն կկառուցվեն հյուրանոցային համալիրներ:

«Բեռնաթափման եղանակներից ընդունելի տարբերակ է ուսանողության կենտրոնացումը մեկ քաղաքում: Այսօր Երևան քաղաքում կան մոտավորապես 60 բարձրագույն ուսումնական հաստատություններ, ուսանողության թիվը կազմում է 100 հազար, դասախոսներինը՝ մոտ 10 հազար, բուհերը զբաղեցնում են 555 հազար քառակուսի մետր տարածք: Հասարակական տրանսպորտի 30 տոկոսը զբաղեցնում է ուսանողությունը: Երևանը գերծանրաբեռնված է, եթե բեռնաթափում ենք բուհական շենքերը, դրանք կարող են վերածվել այլ բնույթի, և այդ նույն գումարներով վերակառուցվում է նոր բուհական համակարգ»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մուշեղյանը:

Չնայած նախագծի հեղինակի բարձրացրած խնդիրներին` նրա կարծիքը չեն կիսում այլ ոլորտների մասնագետները: Օրինակ՝ հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է, որ այս նախագիծը չի իրականացվի, քանի որ ո՛չ ուսանողները, ո՛չ դասախոսները չեն գնա Գյումրի:

«Բուհը կահույք չէ, որ տեղափոխեն տեղից տեղ, դա աբսուրդի գագաթնակետն է: Օրինակ` եթե տեղափոխեն մանկավարժական համալսարանը, այլևս մանկավարժական համալսարան չի լինի, այլ կստեղծվի նոր համալսարան, սակայն այստեղ կշահեն մասնավոր բուհերը, որտեղ կմնան աշխատելու և սովորելու շատ ուսանողներ»,- նկատեց Խուդոյանը:

Մի քանի տարի առաջ քննարկվում էր Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի շենքը վաճառելու, ուսանողներին ու դասախոսական անձնակազմը մանկավարժական ինստիտուտ տեղափոխելու հարցը, սակայն այդ հարցը մնաց միայն քննարկման փուլում: Այդ ժամանակ նույնպես ուսանողները և դասախոսները դժգոհության ալիք էին բարձրացրել: