Կրթություն. նախարարը խոսում է Աբրահամյանի կառավարության մեկ տարվա ընթացքում ձեռքբերումների մասին

Կառավարության գործունեության վերջին մեկ տարվա ընթացքում կրթության և գիտության նախարարությունն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, որոնցից մեկն էլ այս տարվա սեպտեմբերին մեկնարկող «Մեկ աշակերտին` մեկ համակարգիչ» ծրագիրն է:

Անցյալ տարվա մայիսին ձևավորված նոր կառավարության գործունեության ծրագրում կրթության ոլորտին մեծ տեղ էր կատկացված` երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ամփոփելով իրենց մեկ տարվա գործունեության արդյունքները:

Ըստ նախարարի՝ իր ղեկավարած ոլորտի գլխավոր ձեռքբերումը Ազգային ժողովի ընդունած 12-ամյա պարտադիր կրթության մասին օրենքն է, նաև դպրոցներում «ազգային երգ ու պար» առարկայի ներդրման փորձնական նախագիծը, «Մեկ աշակերտին` մեկ համակարգիչ» ծրագիրը, որը սեպտեմբերի 1-ից կսկսվի Վայոց ձորի մարզից: Նախարարը նշեց նաև, որ մեծ ձեռքբերումներ են գրանցվել գիտության բնագավառում:

Աշոտյանն անդրադարձավ նաև Գյումրու նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի` անցյալ շաբաթ արված հայտարարությանը` Երևանի մի քանի բուհեր Գյումրի տեղափոխելու նրա հեղինակային նախագծի վերաբերյալ, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել դասախոսների և ուսանողների շրջանում:

Նախարարի խոսքով` առաջարկություններ շատ են լինում, սակայն բոլորը չէ, որ պետք է հավանության արժանանան:

«Բուհերը շենքեր չեն, բուհերը կենդանի, մեծ օրգանիզմներ են: Մենք ինքներս քանի տարի է քննարկում ենք բուհական համակարգի կառուցվածքային արդիականացման հարցը, այդ թվում` Գյումրուն լրացուցիչ կրթական ծանրաբեռնվածություն տալու միջոցով, բայց ասել այդպիսի բան և դարձնել մեծ քննարկման թեմա` առանց լիազոր մարմնի կարծիքը հարցնելու, անհասկանալի է»,- նշեց Աշոտյանը` հավելելով, որ բուհերը պետք է խոշորացնել, սակայն ոչ այդ տարբերակով: