Կրթություն. Հայաստանում մեկնարկել են միասնական պետական քննությունները

Հայաստանում արդեն մեկնարկել են միասնական պետական քննությունները, որոնք միաժամանակ նաև բուհերի ընդունելության քննություններ են:

Ըստ գնահատման և թեստավորման կենտրոնի` ընդհանուր առմամբ 11.000 դիմորդ Հայաստանից և մոտ 800 դիմորդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից գրանցվել են քննություններ հանձնելու համար: Երևանում և երկրի բոլոր մարզերում ստեղծվել են 34 քննական կենտրոններ, որոնցում կան տեսախցիկներ։

Այսօր` հունիսի 2-ին, շրջանավարտները քննություններ են հանձնում «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից:

Մյուս քննությունների ժամանակացույցն է` հունիսի 5-ին կանցկացվեն քննություններ «Հայոց լեզու և գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 12-ին` «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա», հունիսի 19-ին` «Քիմիա» և «Հայոց պատմություն» և հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու և գրականություն» առարկաներից:

Միասնական պետական քննությունների նպատակն է շրջանավարտներին ազատել մի քանի շաբաթ անց բուհ ընդունվելու համար նույն քննությունները հանձնելու անհրաժեշտությունից: Այսկերպ, նրանք իրենց արդյունքներով ընդունվում են բուհ: