Կրթություն. լեզվաբանը դժգոհում է գործող միասնական քննությունների հայոց լեզվի թեստային համակարգից

Այս տարվա «Հայոց լեզու» պետական միասնական ընդունելության քննությունների արդյունքները փաստեցին, որ քննություների միասնական համակարգը իրեն սպառել է` նման կարծիք երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

«Դիմորդների շրջանում կտրուկ նվազել են 19 և 20 բարձր միավորները, որը խոսում է և՛ քննական թեստերի թերության, և՛ դպրոցական կրթական համակարգի անլիարժեքության մասին»,- պնդեց նա:

Միրզոյանի խոսքով` անհրաժեշտ է քննություններն անցկացնել նախկին` գրավոր և բանավոր ձևաչափով, որը ցույց կտա դիմորդների իրական կրթական մակարդակը:

«Քննական հարցաշարը առաջարկում է ընտրել հնարավոր 4 տարբերակներից մեկը, իսկ պատասխանը չիմանալու դեպքում պատահական ընտրություն կատարել: Ի՞նչ է սա նշանակում. քննություն հանձնող 4 հազար դիմորդներից առնվազն 500-ը պատահականորեն ճիշտ կնշեն և միավորներ կստանան առանց համապատասխան գիտելիքի»,- դժգոհեց բանախոսը:

Լեզվաբանի կարծիքով` բացի ընդունելության քննություններից, բուհ ընդունվելու կարգը այլ բացեր ևս ունի:

«Ներկայումս դիմորդները տարբեր բուհերի մասնագիտացումների համար հանձնում են նույն քննությունները և ստացած մրցութային միավորներով ընդունվում դիմում-հայտում նշած բաժին` ըստ հայտերի հերթականության: Դրա փոխարեն կարելի է վերացնել քննական կարգը, դիմորդին հնարավորություն տալ մեկ կիսամյակ սովորելու իր նախընտրած բուհում, հանձնել ընդհանուր առարկայական քննություն, որը կորոշի բուհում դիմորդի հետագա ճակատագիրը»,- եզրափակեց Միրզոյանը: