Կրթություն և քաղաքականություն. Հայաստանը հրաժարվում է քիմիայի օլիմպիադային Բաքու դպրոցականներ ուղարկել

Վկայակոչելով Ադրբեջանի իշխանությունների կողմից անվտանգության երաշխիքների բացակայությունը` Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հրաժարվել է դպրոցականներ ուղարկել Բաքու` քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու համար:

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախատեսում էր անձամբ ուղեկցել հայ դպրոցականներին հուլիսի 20-29-ը Ադրբեջանում կայանալիք քիմիայի օլիմպիադա:

Երեքշաբթի տարածած հայտարարությունում Հայաստանի նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը մինչև օլիմպիադային մասնակցելու համար գրանցման սահմանված ժամկետը՝ հունիսի 15-ը, հայ մասնակիցների համար անվտանգության պետական երաշխիքներ չի տրամադրել:

«Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, ելնելով երեխաների անվտանգության նկատառումներից` ստիպված է հրաժարվել հայ դպրոցականների Բաքու մեկնելու որոշումից»,- ասել է նա:

Վկայակոչելով Ադրբեջանի իշխանությունների հակահայկական դիրքորոշումը և գործելաոճը` նախարարությունը նաև կոչ է արել միջազգային գիտակրթական կազմակերպություններին` ապագայում Բաքվում այլևս չկազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակությունները:

Հատկանշական է, որ այս օրերին 25 մարզիկներից բաղկացած Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Ադրբեջանի մայրաքաղաքում պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվող եվրոպական խաղերին: Միջազգային և եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունը պաշտոնապես անվտանգության երաշխիքներ են տրամադրել հայ մարզիկներին խաղերի ընթացքում:

Ըստ Բաքվից ստացված հաղորդումների` Հայաստանի մարզիկները, ինչպես նաև այլ երկրներ ներկայացնող հայազգի մարզիկները մրցումների ընթացքում հանդես են գալիս տրիբունաներում հավաքված մարդկանց հսկայական ճնշման պայմաններում: Սակայն առայժմ հայ մարզիկների կամ պատվիրակության անդամների ներգրավմամբ որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել: