Կրթություն. Հայաստանի խոշոր բուհերում անցկացվել են ռեկտորի ընտրություններ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հայաստանի առաջատար բուհերում անցկացվել են ռեկտորի ընտրություններ՝ նոր խոստումներով ու նոր ակնկալիքներով:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ)՝ նույն ինքը պոլիտեխնիկում, անցյալ տարվա մարտին նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անվան շուրջ ամիսներ առաջ սկսված սկանդալային պատմությունն ու անախորժությունները հավանաբար կփակվեն նոր ռեկտորի նշանակմամբ: Շաբաթ օրն անցկացված փակ քվեարկության արդյունքներով ռեկտոր է ընտրվել 19 ձայն ստացած, ՀՅԴ անդամ, համալսարանը նախկինում ղեկավարած Ոստանիկ Մարուխյանը՝ ռեկտորի պաշտոնակատար Թոքմաջյանի նկատմամբ 7 ձայնի առավելությամբ:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) նախկին ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2014-ի մարտին, երբ իր դիմումի համաձայն ռեկտորի պաշտոնից ազատվել էր պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արա Ավետիսյանը:

Սակայն Թոքմաջյանի պաշտոնավարման այս ավելի քան մեկ տարվա ընթացքում մի քանի դասախոս հեռացվեց աշխատանքից, ուսխորհրդի անդամներն էլ բարձրաձայնում էին իրենց նկատմամբ գործադրված ճնշումների մասին, բացի այդ, Թոքմաջյանի անունը կապվում էր մի քանի, այդ թվում՝ վիրտուալ սեքս սկանդալի հետ, երբ հրապարակվեց իր և համալսարանի աշխատակիցներից մեկի ֆեյսբուքյան սեքսուալ բնույթի զրույցը, ինչը սակայն Թոքմաջյանը հերքում է և ասում, թե պատվիրված է:

Այնուամենայնիվ, լարված մթնոլորտում անցկացված ընտրություններից հետո Թոքմաջյանը շնորհավորել է Ոստանիկ Մարուխյանին՝ մաղթելով ծրագրերի իրականացում, իսկ նորընտիր ռեկտորն էլ իր հերթին խոստացել է նպաստել համալսարանի զարգացմանը և պոլիտեխնիկը համալրել նոր, երիտասարդ կադրերով։

Հինգշաբթի ռեկտորի ընտրություններ էին նաև Հայաստանի մայր բուհում՝ Երևանի պետական համալսարանում, որտեղ մթնոլորտն անհամեմատ հանգիստ էր, իսկ ընտրությունների ելքը՝ կանխատեսելի:

Մայր բուհում ռեկտորի միակ թեկնածուն Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, բուհը 2006-ից ղեկավարող Արամ Սիմոնյանն էր, ով փակ քվեարկության արդյունքներով ստացավ բուհի հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից նիստին ներկա 30-ի ձայները:

Ընտրություններից հետո վերընտրված ռեկտորի առաջին խոստումն էր, որ բուհում առաջիկայում ուսման վարձավճարների փոփոխություն չի լինի:

Ավելի վաղ՝ հունիսի 8-ին էլ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էին անցկացվել ռեկտորի ընտրություններ, և փակ գաղտնի քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից նիստին ներկա 29-ի ձայները ստանալով համալսարանի ռեկտոր է ընտրվել այդ բուհը 2012-ից ղեկավարող, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը: