Թեստավորման ժամանակը. Հայաստանում նկատվում է բուհերի դիմորդների թվի նվազում

Թեստավորման ժամանակը. Հայաստանում նկատվում է բուհերի դիմորդների թվի նվազում

Ֆոտոլուր

Այս տարի հայկական բուհերում ուսանողների թիվը հավանաբար կրկին կկրճատվի: Առաջին փուլի ընդունելության հայտ է ներկայացրել 11.803 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից 500-ով պակաս է, ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ ունեցել են շուրջ 50 դիմորդ, մինչդեռ ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 900 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 120-ով:

Այս մասին տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը հինգշաբթի ՀՀ կրթության և գիտության նախարարությունում պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուստարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ:

Մելիքյանը, սակայն, նշել է, որ դիմորդների նշված թվի մեջ ներառված չեն արվեստի բուհերի դիմորդները, ովքեր հանձնում են ներբուհական քննություններ, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջպետական բուհերի ստացած հայտերի տվյալները: Դիմում հայտերի մեկ երրորդը ներկայացվել է մայրաքաղաքից, մնացածը՝ մարզերից և Արցախից:

Ըստ առարկաների՝ դիմորդներն առավել թվով քննություններ են հանձնել հայոց լեզվից, մաթեմատիկայից ու անգլերենից: Քննություններին չի ներկայացել ընդհանուր դիմորդների 9 տոկոսը: Առողջական պատճառներով քննությունն ընդհատել են 64 դիմորդներ, ովքեր, համաձայն կարգի՝ հնարավորություն կստանան նույն քննությունը հանձնել լրացուցիչ փուլի ժամանակ: Քննություններից հեռացվել է 6 դիմորդ:

Առավել թվով անբավարար ստացել են ռուսաց լեզվից՝ շուրջ 25 տոկոս, հաջորդում են կենսաբանությունն ու ֆիզիկան՝ մոտ 20 տոկոս:

Մելիքյանը տեղեկացրել է նաև, որ հունիսի 2-23-ը տեղի ունեցած ընդունելության միասնական քննությունները կազմակերպելու համար հանրապետությունում ձևավորվել է 34 քննական կենտրոն, որից 10-ը` Երևանում, մնացածը մարզերում: Բոլոր քննական կենտրոններում տեղադրված են եղել տեսախցիկներ, և քննություններն ամբողջությամբ նկարահանվել են: Քննությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներին մասնակցել են 360 ԳԹԿ ներկայացուցիչներ, 386 կազմակերպիչներ և 101 օպերատորներ:

Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գնահատմամբ` կենտրոնացված քննությունների հիմնական փուլն անցել է կազմակերպված, և բոլոր նախադրյալներն առկա են, որ հուլիսի 3-ից մեկնարկող լրացուցիչ փուլի քննությունները նույնպես բարձր մակարդակով կանցնեն: