«Թումոյի» ժամանակը. Գյումրու երեխաները կողմնորոշվում են կենտրոնի բացմանն ընդառաջ

Գյումրու նորաբաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը սեպտեմբերից կհյուրընկալի 12-18 տարեկան պատանիների՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել ժամանակակից համակարգչային գիտելիքներ, ինչն էլ հետագայում կօգնի նրանց մասնագիտություն ձեռք բերելու:

Մայիսի 25-ից պաշտոնապես բացված Գյումրու «Թումոյի» ղեկավար Նարե Ավագյանը ասում է. «Թումոն» կօգնի բացահայտելու Գյումրու ու տարածաշրջանի տաղանդավոր երեխաներին, նրանց մեծ ներուժը: Ինչպե՞ս բացահայտել այդ տաղանդը, «Թումոն» տալիս է այդ հնարավորությունը, որովհետև նրանք կուսումնասիրեն այն, ինչ իրենց է հետաքրքրում, ոչինչ չի պարտադրվելու»:

Հիշեցնենք, որ առաջին «Թումո» կենտրոնը («Թումո Երևան») հիմնվել է 2011 թ. Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից:

Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Գյումրում նախատեսված է 500-1000 պատանիների համար, սակայն վեց կողմնորոշիչ հանդիպումների ընթացքում քաղաքից ու շրջակա գյուղերից գրանցվել է արդեն 800 երեխա: Ավագյանը նշում է. թիվը գնալով աճում է, ինչի արդյունքում որոշել են նաև երեկոյան դասընթացներ ունենալ, մինչդեռ դասընթացները նախատեսված էին միայն ցերեկային ժամերի համար:

«Գյումրու երեխեքը ավելի վառ երևակայություն ունեն: Սովորաբար երեխաները վարժանքները կատարելուց հետո են սկսում հարցեր տալ, երբ ներկայացնում ենք, թե ի՛նչ դասընթացներ են լինելու, ու նրանց մեջ հետաքրքրություն է արթնանում է, բայց այստեղ արդեն հետաքրքրված են գալիս»,- նշում է Ավագյանը:

14-ամյա Գևորգ Մարգարյանն ասում է. երազում էր, որ իրենց քաղաքում էլ «Թումո» բացվեր, քանի որ շաբաթը մի քանի անգամ Երևան գնալ-գալը անհնար էր:

«Ծրագրավորում եմ ընտրել, ուզում եմ ապագայում էլ ծրագրավորող դառնալ»,- ասում է արդեն «Թումոյում» գրանցված Գևորգը:

Որդու հետ կողմնորոշիչ հանդիպմանը եկած Գոհար Կարապետյանը, իրենց քաղաքում «Թումո» կենտրոնի բացումը խիստ կարևորելով, նշում է. «Գյումրում զարգացման փուլը դանդաղ է առաջ գնում, նման ծրագրերի անհրաժեշտությունը շատ մեծ է: Երեխաներն էլ փողոցից կկտրվեն, նոր գիտելիքներ ձեռք կբերեն ու կհմտանան»:

«Թումոյում» ուսումնասիրվում է 4 հիմնական ոլորտ՝ անիմացիա, խաղերի ու ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում:

Զուգահեռ ուսումնասիրում են գրաֆիկական դիզայն, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, լուսանկարչություն, ծրագրավորում:

«Սրանք փոխշաղկապված են մեր հիմնական ոլորտներին, ինչպես, օրինակ, խաղերի ստեղծումը մեր հիմնական ոլորտներից է, սակայն խաղերի ստեղծման համար երեխան պետք է տիրապետի ծրագրավորման, այսինքն` կապը շատ մեծ է: Ֆիլմերի ստեղծման համար պետք է կարողանա սցենար գրել, ինչի համար մասնակցում են ստեղծագործության դասընթացի, անիմացիայի համար նկարչության հմտություներ են հարկավոր, գրաֆիկական դիզայն»,- բացատրում է Ավագյանը:

Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ծրագիրը բաղկացած է երեք մասից՝ վարժանքներ, որոնք երեխաները ինքնուրույն են անում, ուսուցանող մարզիչների օգնությամբ և ուղղորդմամբ: Վարժանքները երեխաներին նախապատրաստում են դասընթացների, որոնք բաղկացած են երեք մակարդակից:

«Երեք մակարդակ են անցնում, այդ ընթացքում ազատ են ուսումնասիրելու նաև այլ ոլորտներ: Ընդհանուր առմամբ մեկ ոլորտի ուսումնասիրությունը վարժանքներով, դասընթացներով կազմում է 2-3 տարի, իհարկե մեծ նշանակություն ունի տվյալ երեխայի ընդունակությունը»,- ասում է կենտրոնի ղեկավարը:

Ուսուցանող մարզիչները Գյումրուց են, դասընթացավարները լինելու են Երևանից: «Թումո» են այցելելու նաև տարբեր երկրներից հատուկ դասընթացավարներ` ներկայացնելով ու կիսվելով իրենց գիտելիքներով:

«Թումոն» անվճար է: Այն բաց է բոլորի համար` անկախ նախնական ծրագրերի իմացությունից, միակ սահմանափակումը տարիքն է:

Գործունեության սկզբնական շրջանում կենտրոնը կգործի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում կտեղափոխվի հարևանությամբ գտնվող Գյումրու հին թատրոնի (նախկին ժողովրդական տան շենք), որը հիմնանորոգվելու է:

2014-ի հոկտեմբերի 7 ին «Շանթ» հեռուստաընկերությունն իր հիմնադրման 20 ամյակի առթիվ նախաձեռնեց համազգային հեռուստամարաթոն՝ Գյումրում «Թումո» կենտրոն հիմնելու նպատակով: Հանգանակվեց 300 հազար ԱՄՆ դոլար: Սակայն նվիրատվությունները, մասնավորապես, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից շարունակվում են՝ բազմապատկելով «Թումո Գյումրու» հնարավորությունները, նպաստելով կենտրոնի ապագա զարգացմանը:

Նարե Ավագյանը ասում է, որ հույս ունեն «Թումո» ունենալ Հայաստանի բոլոր քաղաքներում: Բացի Երևանից, «Թումո» է գործում նաև Դիլիջանում, որտեղ հաճախում է 300 երեխա, Գյումրին երրորդն է: Ստեփանակերտում այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է «Թումո» բացել 1000 արցախցի պատանիների համար: «Թումո Ստեփանակերտը» «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և ՀԲԸՄ-ի համատեղ նախագիծն է:

-
Հրապարակվել է 8 հուլիս, 2015