Վերադարձ դպրոց. Հայաստանում առաջին դասարանցիների թիվը մի փոքր աճել է, իսկ որոշ գյուղական համայնքներ չունեն ոչ մի առաջին դասարանցի

Սեպտեմբերի մեկին Հայաստանի դպրոցները իրենց դռները բացեցին 400 հազար դպրոցականների առջև, որոնցից 40 հազարը դպրոց մուտք են գործում առաջին անգամ: Կրթության ոլորտի պատասխանատուները հայտարարում են. նախորդ տարվա համեմատությամբ առաջին դասարանցիների թիվը ավելացել է 2000-ով, դժվարանալով նշել, թե հանրապետության քանի դպրոց չի ունենա առաջին դասարանցի:

«Սեպտեմբերի 10-ին կավարտվի կոմպլեկտավորումը, և այդ հարցի պատասխանը կունենանք, համենայն դեպս` քիչ թվով դպրոցներ, առնվազն մոտ մեկ տասնյակ, ոչ ավելին, չեն ունենա առաջին դասարանցի»,- ասում է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Ըստ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանի` այս տարի Շիրակի մարզի 5 համայնքների՝ Զարիշատի, Անիավանի, Ջաջուռավանի, Շաղիկի ու Աղվորիկի դպրոցները առաջին դասարանցիներ չեն ունենա:

Նույն վիճակն է Սյունիքի մարզի մի քանի գյուղերում:

«Արդեն երկու տարի է` չունենք առաջին դասարանցի: Դպրոցի աշակերտների թիվը 7-ն է, գյուղում ապրում է 187 մարդ:

Գնացել են, մարդ չի մնացել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սյունիքի մարզի Ճակատեն գյուղական համայնքի ղեկավար Անդրյուշ Դավթյանը:

Շիկահող գյուղական համայնքի ղեկավար Ժիրայր Պատվականյանն էլ նշում է, որ ոչ միայն այս, այլև հաջորդ մի քանի տարիներին չեն ունենա առաջին դասարանցիներ, քանի որ արտագաղթը տարել է նաև երեխաներին: 115 բնակիչ ունեցող գյուղի դպրոցում սովորում է ընդամենը 8 աշակերտ:

Այս տարի 1-4-րդ դասարանի աշակերտները նույնպես անվճար կապահովվեն դասագրքերով, իսկ 5-12-րդ դասարանի աշակերտները կշարունակեն վարձակալությամբ ստանալ դասագրքերը:

Սեպտեմբերի մեկին ընդառաջ դատարկվում են դպրոցահասակ երեխաներ ունեցողների գրպանները: Վերջին օրերի արտարժույթի փոխարժեքի տատանումը (1 դոլարը մեկ շաբաթում 477-ից բարձրացել է 482 դրամ) ազդել է նաև դպրոցական հագուստի և գրենական պիտույքների գների բարձրացման վրա:

«Մեկ տարում դպրոցական պարագաները եռակի թանկացան, մարդիկ վախենալով են առևտուր անում: Եթե նախկինում մեր հաճախորդները 30 հազար դրամ (62 դոլար) էին ծախսում ու 4 տոպրակ ապրանք գնում, ապա այսօր նույն գումարը ծախսում են, բայց հազիվ մեկ տոպրակ ապրանք գնում»,- «ԱրմենիաՆաուին» պատմում է Էջմիածնում գրենական ապրանքների առևտրով զբաղվող 50-ամյա Վարդուհի Պետրոսյանը:

Երկու երեխաների մայր 35-ամյա տնային տնտեսուհի Հերմինե Սաղաթելյանն էլ նշում է, որ ամեն մի երեխայի համար 100 հազար դրամ է (207 դոլար) հարկավոր դպրոց ուղարկելու համար, ինչը խնդիր է սոցիալական դժվարին պայմաններում ապրող ծնողների համար:

«Տղայիս կոշիկներն ու պայուսակը արդեն 30 հազար (62 դոլար) դրամ են կազմել, վերնաշապիկին տվել եմ 10 հազար դրամ (20 դոլար), տաբատին` նույնպես: Նույնը գրեթե ծախսել եմ աղջկաս համար: Գրենական պիտույքներն էլ երևի կես-կես կգնենք, որպեսզի հեշտ լինի: Դեռ դպրոց էլ պետք է գրքերի վարձակալության գումարն ուղարկել»,- պատմում է Սաղաթելյանը, ում ընտանիքի եկամուտը 200 հազար դրամ է (414 դոլար):

Սեպտեմբերի մեկին ընդառաջ թանկանում են նաև ծաղիկները, չնայած ծաղկավաճառները այն պայմանավորվում են մեծածախ շուկայում թանկացմամբ:

«2000 (4 դոլար) դրամանոց ծաղկեփնջերը այսօր արդեն վաճառվում էին 4000-ով (8 դոլար), իսկ 4000 դրամանոցները` 6000-7000 դրամով (14 դոլար): Ստիպված մի ծաղկեփունջ եմ գնել 6000 դրամով»,- ասում է 25-ամյա Սվետլանա Գևոգյանը, ով սեպտեմբերի մեկին դպրոց է ճանապարհելու առաջին դասարանցի որդուն: