Թումո x ՀԲԸՄ. գործընկերության արդյունքում Ստեփանակերտում բացվել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

Թումո x ՀԲԸՄ. գործընկերության արդյունքում Ստեփանակերտում բացվել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

Photo: www.tumo.org

Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիսավորապես մեկնարկեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` շնորհիվ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցության:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

ՀԲԸՄ-ն հոգալու է կենտրոնի բոլոր գործառնական, ինչպես նաև Թումո x ՀԲԸՄ գործընկերության շրջանակներում նոր մեկնարկող` startup նախագծերի ծախսերը, իսկ ԼՂՀ կառավարությունը տրամադրել է տարածք քաղաքի կենտրոնի պատմական շենքում:

Ակնկալվում է, որ Ստեփանակերտի ծրագիրը կունենա 500-1000 ուսանող հյուրընկալելու հնարավորություն, ովքեր շաբաթը երկու անգամ երկու ժամով կմասնակցեն մեկ դասընթացի`ձեռք բերելով 21-րդ դարի հմտություններ և օգտակար գիտելիքներ անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և ֆիլմերի ստեղծման ոլորտներում, ինչպես նաև մի շարք լրացնող հմտություններ՝ ծրագրավորում, լուսանկարչություն, 3D մոդելավորում, երաժշտություն և այլն:

Սեպտեմբերի 14-ից կանցկացվեն կողմնորոշիչ հանդիպումներ և գրանցումներ, իսկ ուսանողները կսկսեն իրենց «թումոյական» կյանքը հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը դպրոցի դասերի ավարտից հետո անցկացվող անվճար ծրագիր է, որը մեկնարկել է Երևանում, իսկ հետագայում մասնաճյուղ է բացվել Դիլիջանում: Թումո x ՀԲԸՄ գործընկերությունը արդեն բացել է մասնաճյուղ Գյումրում, և ակնկալվում է «Թումոն» տարածել Հայաստանի այլ վայրերում և երկրից դուրս: