Հրատարակիչ. պատանիներին ավելի շատ պետք են գիտաֆանտաստիկ գրքեր

Հրատարակիչ. պատանիներին ավելի շատ պետք են գիտաֆանտաստիկ գրքեր

Ֆոտոլուր

Պատանիների շրջանում ընթերցանության հանդեպ անտարբերությունը պայմանավորված է պատանեկան գրականության բացով` լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Նրա համոզմամբ` այն հետաքրքրությունը, որ կա մանկական գրականության հանդեպ, ավելի բարձր տարիքային խմբում նվազում է, քանի որ չկա համապատասխան տեղական գրականություն.

«Խորհրդային տարիներին մենք կարդում էինք գրքեր, որոնք ունեին ակնհայտ գաղափարական ուղղվածություն, անկախությունից հետո մեր գրականությունը չափազանց լուրջ դարձավ, քչերն էին` Էդուարդ Միլիտոնյանը, Վրեժ Իսրայելյանը, որ գրում էին մանուկների համար»:

Նիկողոսյանը նշեց, որ թեև հիմա այդ բացը որոշ չափով լրացված է, և կան պատանեկության համար թարգմանված գրքեր, մասնավորապես, «Անտարեսի» «Կողմնացույց» մատենաշարով, «Զանգակ» հրատարակչության լույս տեսած 7-8 գրքերը, բայց անելիքներ կան:

«Շատ կարևոր է, որ մերօրյա երիտասարդների մտածելակերպին համահունչ գրականություն առաջարկենք, այն գրքերը, որոնք մեզ ինչ-որ բան էին տալիս, այսօրվա երիտասարդների համար կարող են պարզունակ լինել, գրքային իրականությունը պետք է հիշեցնի մեր շրջապատող աշխարհը»,- ասաց նա:

Նա նշեց, որ շատ է ցանկանում գիտաֆանտաստիկ ստեղծագործություններ տեսնել:

«Շատ եմ համոզում մեր գրողներին, որ գրեն այդ ժանրում, բայց, ցավոք, այսօր չունենք մեր «Հարրի Փոթերը», շատերը հրաժարվում են` պատճառաբանելով, որ ամենաբարդ ժանրն է, չէ՞ որ այստեղ, երևակայությունից զատ, գիտելիքներ են անհրաժեշտ ամենատարբեր ոլորտներից»,- ասաց Նիկողոսյանը: