Երկարաձգված ձմեռային արձակուրդ. գրիպի հետևանքով փակ դպրոցները կազդեն առաջին դասարանցիների «հարմարվողականության» հմտությունների վրա

Երկարաձգված ձմեռային արձակուրդ. գրիպի հետևանքով փակ դպրոցները կազդեն առաջին դասարանցիների «հարմարվողականության» հմտությունների վրա

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

H1N1 տեսակի վիրուսի, այսպես կոչված` խոզի գրիպի վերջին բռնկման հետևանքով դպրոցական ձմեռային արձակուրդի երկարաձգումը կարող է վատ անդրադառնալ կրթական գործընթացի վրա` կարծում են որոշ մանկավարժներ: Բայց կրթության ոլորտի պատասխանատու պաշտոնյաները վստահեցնում են, որ սուր շնչառական վիրուսների տարածումը կանխելու նպատակով, որն արդեն 18 մարդու կյանք է խլել, այդ հարկադիր քայլը չի ազդի` ձեռնարկելիք միջոցների շնորհիվ:

Անցյալ շաբաթ, հայտարարելով դպրոցական ձմեռային արձակուրդը մինչև փետրվարի 1-ը երկրորդ անգամ երկարաձգելու մասին, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական էր ուղարկել նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին` առարկայական ծրագրերի կատարումն ապահովելու, բաց թողնված 3 շաբաթները լրացնելու համար օգտագործել գարնանային արձակուրդի համար նախատեսված օրերը, ինչպես նաև դասացուցակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ ավելացնել 1 դասաժամ կամ օգտագործել շաբաթ օրերը:

Գրեթե 20 օրով երկարաձգված արձակուրդը բուռն քննարկվում է ուսուցիչների, աշակերտների ու ծնողների շրջանում: Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ալվինա Պետրոսյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ առողջությունն առաջնային է, և երեք շաբաթով երկարաձգելը չի կարող գցել կրթության որակը:

«Եթե հիվանդության պատճառով աշակերտների բացակայությունները շատ լինեին, այսպես թե այնպես կրթական գործընթացը թերի էր լինելու, ըստ այդմ էլ որակի վրա էր ազդելու: Պարզապես պետք է աշխատենք բացը թողնվածը լրացնել»,- ասում է Պետրոսյանը:

Մինչդեռ հոգեբան Աննա Բադալյանի կարծիքով` երեխաներին տանը պահելով` նրանց «ջերմոցային տեսակ են դարձնում»:

«Հասկանում ենք, որ պետությունը գուցե չունի հնարավորություն՝ ապահովելու աշակերտների առողջական խնդիրների ամբողջական լուծումը, բայց տանը նստելով՝ երեխաները զրկվում են կամային հատկություններից, որովհետև նրանք տարրական հիգիենիկ կանոններն անգամ չեն կարողանալու պահպանել: Չեն իմանալու ապագայում իրենց ինչպես դրսևորել արտակարգ իրավիճակներում»,- ասում է Բադալյանը:

Ըստ հոգեբանի` երկար արձակուրդը խոչընդոտելու է հատկապես առաջին դասարանցիների հարմարվողականությանը, քանի որ այս տարիքի երեխան ճգնաժամ ունի և նոր-նոր է սկսել հարմարվել շրջապատին, ընկերներին, մինչդեռ երկար արձակուրդը խորացնում է ճգնաժամը, ինչի պատճառով երեխան կարող է հետ վարժվել իր հմտություններից:

Բենիամին Ժամկոչյանի անվան 119-րդ դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Սահակյանի կարծիքով` այդուհանդերձ չպետք է մոռանալ հիվանդ աշակերտների մասին, և պետք է նախ և առաջ մտածել առողջական խնդիրները հաղթահարելու մասին:

«Եթե դասերը չհետաձգվեին, բացակաների թիվը հսկայական կլիներ: 20 հոգանոց դասարանում 8 աշակերտ հիվանդ է եղել: Հետևաբար, վտանգ կար, որ հիվանդությունը կտարածվի, եթե աշակերտները մի վայրում հավաքվեին,- ասում է Հասմիկ Սահակյանը և ավելացնում, որ դասերը ևս մեկ շաբաթով ուշ սկսելը աշակերտների շրջանում ադապտացիայի խնդիր կառաջացնի: - Առաջին դասարանցիների մոտ ադապտացիան դժվար է ընթանում, բայց նույն խնդիրը բարձր դասարանցիների մոտ էլ կա: Արձակուրդի ժամանակ սովորում են ուշ քնել-ուշ արթնանալ: Առաջին ժամերին ուղեղն արթնացած չի լինում և դժվար է դասն ընկալել»: