Աչալուրջ եղեք. երկարաձգված արձակուրդից հետո դպրոցները վերաբացվում են` H1N1-ի դեմ նախազգուշական միջոցներով

Երեքշաբաթյա հետաձգումից հետո ուսումնական գործընթացի մեկնարկը կուղեկցվի կանխարգելիչ միջոցներով` խուսափելու խոզի գրիպի բռնկման երկրորդ ալիքից:

Փետրվարի 1-ից դպրոցների և մանկապարտեզների վերաբացման մասին հրաման էր ստորագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Մինչ այդ ԿԳ նախարարը ստորագրել էր մանկապարտեզներում և դպրոցներում դասերի հետաձգման հրամանը` հիմք ընդունելով առողջապահության նախարարության միջնորդությունը առ այն, որ սուր շնչառական վարակներով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են:

Անցյալ շաբաթավերջին առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ չնայած ռիսկային է դասերի վերսկսումը, բայց անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն` գրիպի երկրորդ ալիքը կանխարգելելու համար:

«Պետք է պահպանենք լիարժեք ջերմային ռեժիմը: Դպրոցներում և մանկապարտեզներում արդեն սկսվել է ջերմային մոնիթորինգը»,- ասաց նա` ծնողներին խորհուրդ տալով նույնիսկ հիվանդության թեթև նախանշաններ ունեցող երեխաներին չտանել դպրոց կամ մանկապարտեզ:

Հատկանշական է, որ դպրոցներում և մանկապարտեզներում անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու համար, նախարարի հրամանի համաձայն, ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովվել է անհրաժեշտ ջերմաստիճանը:

Այն դպրոցները, որտեղ համապատասխան ջերմաստիճան չի ապահովվի, դասերը կվերսկսվեն մեկ-երկու շաբաթ ուշացումով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը նաև նշել է, որ դպրոցներում ժամանակավորապես չեն պարապի «Ֆիզիկական կուլտուրա» առարկան, ինչպես նաև չեն գործի բուֆետները:

Կանխարգիչ նպատակներով յուրաքանչյուր առավոտյան՝ մինչ դասապրոցեսի սկսվելը, ուսումնական հաստատություններ հաճախող երեխաները կհետազոտվեն բուժքույրերի կողմից:

Կրթության և գիտության նախարարությունը նաև հաղորդել է, որ համաբուժարանների տրամադրած տեղեկանքների հիման վրա բացակայությունները կհամարվեն հարգելի և չեն հաշվվի:

2016-ի հունվարին, հատկապես տոնական և հետտոնական օրերին, աշխուժացել էին սուր շնչառական հիվանդությունները, մասնավորապես, գրիպի Ա H1N1 ենթատեսակը:

Առողջապահության նախարարության միջնորդությամբ` կրթության նախարարը հետաձգել էր դասերը դպրոցներում և մանկապարտեզներում հունվարի 11-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում: