Ուսումնական ծրագրից հետ չմնալով. գրիպի պատճառով բաց թողածը կլրացվի մինչև ապրիլի կեսերը

Դպրոցներում և մանկապարտեզներում երկարաձգված երեքշաբաթյա արձակուրդից հետո շատ են բացակայությունները՝ փաստում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Երեք շաբաթ շարունակ կրթության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել էր մանկապարտեզներում և դպրոցներում դասերի հետաձգման հրամանը` հիմք ընդունելով առողջապահության նախարարության միջնորդությունը առ այն, որ սուր շնչառական վարակներով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են:

Փետրվարի 1-ից վերաբացվել են դպրոցները և մանկապարտեզները, սակայն առողջապահության նախարարությունը կոչ է արել զգոն լինել և յուրաքանչյուր առավոտյան՝ մինչ դասապրոցեսի սկսվելը, ուսումնական հաստատություններ հաճախող երեխաներին հետազոտել:

«Երեկ շուրջ 20-30 տոկոսով բացակայություններ են եղել, և դա պայմանավորված է և՛ երեխաների հիվանդությամբ, և՛ նոր լավացած երեխաներով, որոնք ուղղակի անհանգիստ են եղել: Երեք օրով բացակայությունը երեխաների համար խնդիրներ չեն առաջացնի, քանի որ պայմանավորվածություն կա, որ բացակա չնշանակվի»,- երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ երեկ արձագանք է ստացվել, որ Արմավիրի մարզում 10 դպրոց չի աշխատում, քանի որ ջեռմուցման խնդիրներ կան. «Այդ դպրոցների նկատմամբ կունենանք առանձին վերաբերմունք, առանձին հանձնարարական՝ դասապրոցեսը նորից վերսկսելու և բաց թողածը լրացնելու վերաբերյալ»,- նշեց նա:

Նրա պնդմամբ՝ դասաժամերն օրվա ընթացքում մեկ ժամ ավելացնելու կամ շաբաթ օրերը աշխատելու արդյունքում մինչև ապրիլի 10-ը բաց թողնված դասերը կլրացվեն:

Հանրապետության ողջ տարածքում միայն Արմավիրում են խնդիրներ առաջացել, իսկ երկուշաբթի օրվանից այդ 10 դպրոցներում ևս դասերը կվերսկսվեն: