Գլխավոր տնօրինողը. հեռավոր հայկական գյուղի դպրոցը բողոքում է հակասական նշանակման դեմ

Հայաստանի հեռավոր համայնքներից մեկում դպրոցի տնօրենի փոփոխման դեմ աշակերտների և ուսուցիչների բողոքը թեև կարծես դրական արդյունք տվեց, սակայն կրկին վեր հանեց կրթության ոլորտի խնդիրների և օրենսդրական բացերի մասին հարցերը:

Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում, որտեղ աշակերտները երբեմն դպրոց չեն հաճախում հակառակորդի կրակահերթերի հետևանքով, այս անգամ երեք օր շարունակ դասադուլ են արել՝ իշխանություններից պահանջելով հետ վերադարձնել իրենց դպրոցի երկու տարվա տնօրեն Վոլոդյա Բալասանյանին:

Տարիներ շարունակ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատած Բալասանյանը վերջին երկու տարում նշանակված է եղել որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն Տավուշի մարզպետի փետրվարի 15-ի որոշմամբ տնօրենի պաշտոնում նշանակվել է մեկ այլ ուսուցիչ՝ Գայանե Խուդավերդյանը: Մարզպետարանից այս քայլը պարզաբանել են, որ «դպրոցի խորհրդի նիստեր երկու անգամ անցկացրել են, սակայն դրանց ընթացքում որոշում չի կայացվել, քանի որ խորհրդի կազմը թերի է եղել, որից հետո, ըստ ընդունված կարգի, տնօրենի թեկնածուների անուններն ուղարկվել են փոխվարչապետին, ով էլ ընտրություն է կատարել»:

Փոխվարչապետի որոշմամբ նշանակումը, սակայն, այդքան էլ բերքաբերցիների սրտով չէ: Նրանք, այդ թվում նաև` դպրոցի 17 հոգուց բաղկացած աշխատակազմից շատերը, նշում են, որ թեև նոր նշանակված տնօրենի դեմ ոչինչ չունեն, սակայն նախորդը փայլուն կերպով է աշխատել, և նրան չնշանակելու որևէ պատճառ չկար: Բացի այդ, նոր նշանակված տնօրենը մոտ է կենսաթոշակային տարիքին, և արդեն 4-5 տարուց կրկին տնօրենի նշանակման հարց է լինելու:

32 աշակերտից բաղկացած դպրոցում այս շաբաթվա ընթացքում մեկ տասնյակից էլ պակաս աշակերտ է ներկայացել, իսկ ծնողները դիմել են համայնքի ղեկավարին, մարզպետին: Ի վերջո, «գեղ կանգնի, գերան կկոտրի». հինգշաբթի երեկոյան, կարծես, հարցին լուծում է տրվել:

«Այսօր ժողով ենք արել, ամեն հարց լուծվել է, նշանակված ուսուցիչն անձամբ որոշել է հրաժարվել դպրոցի տնօրենի պաշտոնից և մնալ որպես սիրված ուսուցիչ»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Բերքաբերի համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը:

Առաջիկայում դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ կանցկացվի:

Փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցի հաղթանակը սակայն կուրախացներ, եթե այսկերպ այս համակարգում առկա նման կարգի խնդիրները լուծվեին: Մինչդեռ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նշում է, որ նման դեպքեր պարբերաբար են լինում, ինչը վկայում է այն մասին, որ դպրոցների խորհուրդների ինստիտուտը Հայաստանում շարունակում է չգործել, ու տնօրենները շարունակում են նշանակվել քաղաքական իշխանությունների կողմից, հետևաբար նաև՝ ենթարկվել նրանց:

«Շատ հաճախ իշխանության ուզած մարդն ու համայնքի ուզածը չեն համընկնում, և իշխանությունն իր բիրտ ուժով տնօրենի ընտրության կարգը հարմարեցնում է իրեն, և շատ հաճախ այսպիսի հարցեր են առաջանում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բախշյանը՝ բարձրացնելով նաև մեկ այլ հարց, թե ինչպես կարող է մեկը երկու տարի որպես ժամանակավոր պաշտոնակատար լինել, երբ կարգը պահանջում է տնօրենի փոխվելուց երեք ամսվա ընթացքում մրցույթ անցկացնել և տնօրեն ընտրել:

«Չի կարող նման բան լինել, ինչ-որ բաներ են խախտվել, էս դեպքում այդ չարաբաստիկ կարգն էլ է շրջանցվել: Ըստ վերջին կարգի՝ եթե ընտրությունը երկու անգամ չի կայանում, ապա գործերն ուղարկում են փոխվարչապետին, որն էլ որոշում է կայացնում: Սա էլ չլսված բան է իհարկե. փոխվարչապետը, Երևանում նստած, պիտի որոշի, թե որտեղ ո՛վ կառավարի, էսպիսի բա՞ն կլինի»,- ասում է Բախշյանը: