Կրթության մտահոգություններ. նորանշանակ նախարարը ցանկանում է ավագ դպրոցները վերածվեն գերազանցության կենտրոնների

Գիտության և կրթության նորանշանակ դաշնակցական նախարարն արդեն հասցրել է մի քանի անգամ դժգոհություն հայտնել հայաստանյան կրթական համակարգում ոչ այնքան վաղ անցյալում ներդրված և արդեն բազմիցս քննադատված ավագ դպրոցի ինստիտուտից, ինչը ոլորտում հնարավոր նոր բարեփոխումների հույս է ներշնչում:

Այս տարվա փետրվարի վերջին իշխող Հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների միջև կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրից հետո շուրջ 8 տարի կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը ստիպված եղավ իր աթոռը զիջել դաշնակցական Լևոն Մկրտչյանին։

Մկրտչյանն այս ոլորտում ոչ միայն նորեկ չէ, այլև տարբեր տարիներին երեք անգամ՝ ընդհանուր առմամբ շուրջ հինգ տարի, արդեն իսկ զբաղեցրել է այս պաշտոնը։ Հատկանշական է, որ հենց նրա պաշտոնավարման օրոք էլ մեկնարկել է ավագ դպրոցների ստեղծման ծրագիրը, որից այնքան էլ գոհ չէ ինչպես հայ հասարակությունը, այնպես էլ ինքը՝ նախարարը։

«Մենք կրթական շղթայի մեջ ունենք երկու օղակ, որոնք չեն կարողանում ինքնահաստատվել: Դրանցից մեկն ավագ դպրոցն է, մյուսը՝ մագիստրատուրան: Չենք կարողանում հասկանալ, թե ի՛նչ ծրագիր ընտրենք, որպեսզի ավագ դպրոցը կայանա նույն ձևով, ինչ ձևով կայացել են հիմնական դպրոցները: Դրանից ժողովրդի մոտ այնպիսի տպավորություն է, որ 10-ամյա կրթությունը լավ է, նրանք ուզում են վերադառնալ ոչ թե10-ամյա կրթական համակարգին, այլ այն կրթական որակին, որ իրենց հիշողության մեջ կա: Եթե ավագ դպրոցի հիմնախնդիրը չկարողանանք կարգավորել, չենք կարող ընդհանուր կրթական չափորոշիչներ դնել»,- այս օրերին տարբեր առիթներով հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով հիմնական դպրոցը, կարողանա նախնական մասնագիտություն ձեռք բերել, մինչդեռ ըստ նախարարի՝ այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր կա ավագ դպրոցում, թույլ չի տալիս, որ այն կատարի իր առաքելությունը:

Հայաստանի անկախացումից հետո կրթության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկը 2006-ից սկսված անցումն է 12-ամյա հանրակրթական համակարգին, որի շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից ներդրվեց եռամյա ավագ դպրոցը: Այս համակարգին անցնելու հիմնական պատճառաբանություն է բերվում միջազգային չափանիշներին համապատասխանությունը:

Այսպես, այսօր Հայաստանի 1396 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից 110-ն ավագ դպրոց են, որից 41-ը գտնվում են Երևանում։ Մնացածը գտնվում են հիմնականում մեծ և փոքր քաղաքային վայրերում, և գյուղական համայնքների երեխաները շատ հաճախ զրկվում են ավագ դպրոց հաճախելու հնարավորությունից: Գյուղական վայրերում հիմնականում գործում են 12-ամյա միջնակարգ դպրոցներ, Հայաստանում գործող 770 միջնակարգ դպրոցից 703-ը գտնվում են հենց համայնքներում:

Մկրտչյանի տպավորությամբ, սակայն, ավագ դպրոցի առաքելությունն այսօր շփոթում են։ Ըստ նախարարի՝ ավագ դպրոցները պետք է այնպես բեռնաթափել, որ դրանք վերածվեն գերազանցության կենտրոնների, որոնք կօգնեն երեխաներին կյանք մտնելու:

«Հենց այդ ծանրաբեռնվածության պատճառով էլ ծնողները չեն ցանկանում, որ երեխաները սովորեն ավագ դպրոցում:

Փորձում են այդ տարիներին իրենց երեխաներին կենտրոնացնել մի քանի առարկաների վրա և պարապելու են տալիս կրկնուսույցների մոտ: Բայց ամբողջ աշխարհը այսօր առաջնորդվում է 12-ամյա կրթությամբ, և այս հարցի շուրջ բոլոր քննարկումները կավարտվեն բովանդակային խնդիրների լուծման դեպքում»,- կարծում է նախարարը՝ առաջարկելով ստեղծել հանձնախումբ, որը կքննարկի և կհամեմատի հանրապետության ավագ դպրոցների զարգացման ծրագրերը: Ըստ Մկրտչյանի՝ յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով:

Սակայն, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով` ավագ դպրոցների հիմքն ի սկզբանե ճիշտ չի դրվել:

«Լևոն Մկրտչյանն այդ ռազմավարության հեղինակն է եղել, ցավոք սրտի, ռազմավարությունն ինչպես գրվեց, այդպես չիրականացավ: Ռազմավարության մեջ, ըստ իս, բացթողումներ կային, որոնցից օգտվեցին չինովնիկները, որոնց համար կրթության խնդիրն առաջնային չի եղել»,- ասում է Բախշյանը։

Ըստ փորձագետի՝ ավագ դպրոցները չկայացան, քանի որ չպահպանվեց ամենակարևոր պայմանը` մանկավարժական կոլեկտիվը չլուծարվեց, և ավագ դպրոցի ուսուցիչները մրցույթով չընտրվեցին։ Բախշյանը համակարծիք է նախարարի հետ, որ ավագ դպրոցի կայացմանը խոչընդոտում է նաև ուսումնական պլանի ծանրաբեռնվածությունը, բացի այդ, ըստ փորձագետի՝ համակարգը չտվեց այն ճկունությունը, որը խոստացել էր նախամասնագիտական կողմնորոշման համար: