Վերջ ՝ Մաշտոցի պուրակի ասքին. քարոզարշավի շրջանակներում նախագահը հանձնարարում է ապամոնտաժել խնդրահարույց կրպակները

Մայիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ անսպասելորեն այցելել է Մաշտոցի պուրակ և քաղաքապետին կոչ արել ապամոնտաժել բնապահպանների եռամսյա բողոքի առարկա դարձած «տգեղ տաղավարները». այս քայլը շատերի կողմից դիտվել է որպես հանրությանը հաճոյանալու նախընտրական հնարք:

«Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում»,- ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ արդեն 80 օր իրենց ինքնորոշված անվանող քաղաքացիները փորձում են թույլ չտալ, որ պուրակում տեղադրվեն Աբովյան փողոցից տեղափոխված առևտրի տաղավարները, որոնք այնտեղից ապամոնտաժվել էին կենտրոնական փողոցները ապօրինի կրպակներից ու տաղավարներից մաքրելու քաղաքապետարանի ծրագրի շրջանակներում:

Մեկ ամիս առաջ երիտասարդ ակտիվիստներին միացան նաև մտավորականության հայտնի ներկայացուցիչներ, որոնք ստեղծեցին տաղավարների ապամոնտաժման 10 բրիգադ և երեք անգան փորձեցին ապամոնտաժել, սակայն բախվեցին ոստիկանության դիմադրությանը: Վերջին փորձը ձեռնարկվեց ապրիլի 29-ին, և այդ ժամանակ ակտիվիստների և ոստիկանության միջև բախում տեղի ունեցավ, որի ընթացքում մի քանի մարդ մարմնական վնասվածքներ ստացան, իսկ 7 ակտիվիստներ ձերբակալվեցին, բայց արագ ազատ արձակվեցին:

Ապամոնտաժողները խոստացան հաջորդ փորձը ձեռնարկել մայիսի 6-ին` խորհրդարանական ընտրությունների օրը: Շատերը հենց դրանով են պայմանավորում Սերժ Սարգսյանի այցը և նրա «կոչը» քաղաքապետին՝ վերջ դնելու այս խնդրին:

Մինչ այդ Մաշտոցի պուրակի խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ, որում ասվում է, որ ապօրինի կրպակների պատասխանատուն Երևանի քաղաքապետն է, և քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը: Հարկ է դատապարտել ոստիկանության բռնությունը և ոչ իրավաչափ գործողությունները, այլ ոչ թե դա ձեռքբերում համարել և շնորհակալություն հայտնել, համարում են ակտիվիստները:

«Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի անդրադարձել ՀՀ քաղաքացիների իրավունքներին և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը»,- ասվում է բնապահպանների հայտարարության մեջ, որով նրանք պահանջում են անհապաղ պաշտոնապես չեղյալ համարել Մաշտոցի պուրակում ապօրինի կառուցապատման մասին որոշումներն ու վերադարձնել պուրակը հանրությանը:

Քաղաքապետարանը հանրությանը չի ներկայացրել ոչ մի փաստաթուղթ, որ կհաստատեր պուրակի կառուցապատման իրավունքը, ոչ էլ որևէ կրպակի սեփականաշնորհման իրավունքներ: Բացի այդ, լուրեր են շրջանառվում, որ կրպակների մի մասը պատկանում է անձամբ քաղաքապետ Մարգարյանին:

Երևանի ավագանին, որը լիազորված է նման որոշումներ կայացնել, ևս չի տրամադրել ոչ մի փաստաթուղթ: Այս կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության անդամները քաղաքապետարանի դեմ դատարան հայց են ներկայացրել:

Կրպակների ապամոնտաժման քաղաքացիական բրիգադի անդամ, բլոգեր Արմեն Հովհաննիսյանը, որը կիրակի ապամոնտաժման փորձի ժամանակ բերման է ենթարկվել, ասել է, որ նման հարցերը լուծվում են ներկայացուցչական մարմինների մասնակցությամբ և օրենքի շրջանակներում: Նա հավելել է, որ եթե ամեն ինչ օրինական էր, ապա ինչո՞ւ պետք է ընտրություններից մի քանի օր առաջ որոշումը փոխվեր: Նրա խոսքով` հարկավոր էր սպասել դատարանի որոշմանը:

Այս կապացությամբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը քամահրանքով հերքել է քննադատների այն պնդումը, թե Մաշտոցի պուրակի կրպակների հարցում այս շրջադարձը ընդամենը նախընտրական հնարք է:

«Ցանկացած խնդիր, որն ունի հասարակական լուրջ արձագանք, ընտանիքի, հոր կամ պետության ղեկավարի խնդիրն է նաև»,- ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում: