Զգուշացի´ր օձերից. անհետացող կանաչ տարածքներն ու լայնածավալ շինարարական աշխատանքները Հայաստանում օձերի ակտիվացման պատճառ են

Այս տարվա մայիսի սկզբից հանրապետության տարբեր բնակավայրերում, այդ թվում նաև` մայրաքաղաքում, օձերի հայտնաբերման հաճախակի դեպքերը, ըստ բնապահպանների` լայնածավալ շինարարական աշխատանքների և անտառահատումների հետևանք են:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ` 2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է օձի խայթոցի 64 դեպք, որոնցից 37-ի դեպքում ներարկվել է օձի հակաթույն:

Օձեր հաճախակի են հանդիպում Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի մարզերում, իսկ մայրաքաղաքում վերջին դեպքը գրանցվել է անցյալ հինգշաբթի, երբ հարավային Աջափնյակ և Դավիթաշեն թաղամասերում բնակիչներն օձ են նկատել: Բնակիչները դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբին, որոնց շնորհիվ հնարավոր են եղել օձերին տեղափոխել անվտանգ տարածք:

Հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանի խոսքով` հանրապետության բոլոր բուժհիմնարկներն ապահովված են օձերի խայթոցի դեմ համապատասխան շիճուկով, իսկ բուժանձնակազմն ունի համապատասխան պատրաստվածություն և ներուժ` բարձր մակարդակով բուժօգնություն ցույց տալու համար:

Կենդանաբանական այգու ակվատեռարիումի բաժնի վարիչ, «Էկզոտարիում» ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանն ասում է, որ Հայաստանում օձերի 23 տեսակ կա, որոնցից թունավոր են միայն 4-ը: Ըստ Մարտիրոսյանի` օձերը հատկապես ակտիվ են գարնանը, որովհետև ձմեռանոցներից դուրս են գալիս, և սկսվում է ակտիվ բեղմնավորման շրջանը:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ հատկապես մայրաքաղաքում վերջին տարիներին օձերը շատացել են, քանի որ «խորհրդային տարիներին ստեղծված կանաչ տարածքները հետզհետե կրճատվեցին` իրենց տեղը զիջելով ասֆալտ-բետոնին, բարձրահարկ շենքերին` մայրաքաղաքը վերածելով կիսաանապատի, որի հիմնական բնակիչները օձերն ու կարիճներն են»:

«Առհասարակ ամբողջ աշխարհում բնական միջավայրի փոփոխություն է տեղի ունենում, իսկ Հայաստանում, որն առանց այն էլ ունի սակավաթիվ անտառներ, եղածն էլ հատվում է, անմշակ հողերն այլևս չեն կարող կերակրել օձերին, որոնք էլ կեր են փնտրում բնակավայրերի շրջակայքում»,- ասում է բնապահպանը:

Թեև որոշ կենդանաբաններ, հաշվի առնելով վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերը, օձերի ակտիվացումը կապում են նաև անհանգիստ ընդերքի հետ, սակայն Ադամյանն ասում է, որ այս շրջանում նման երևույթ չկա:

«Օձերը շատ զգայուն են, հատկապես երբ ընդերքն անհանգիստ է լինում, այդ ժամանակ նրանք սկսում են գաղթել այդ վայրից մեկ ուրիշ վայր, սակայն այժմ տեղափոխման պոպուլյացիա չկա»,- ասում է Ադամյանը: