Բնապահպանական տագնապ. նախաձեռնող խումբը զգուշացնում է՝ Արփա գետը վտանգված է

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ մտահոգություն հայտնելով Արփա գետի Հերհեր վտակի վրա կառուցված երկու հիդրոէլեկտրակայանների ազդեցության առնչությամբ:

Ըստ նախաձեռնող խմբի՝ գետը ցամաքելու վտանգի առաջ է հէկերի պատճառով:

Ըստ բնապահպան ակտիվիստների՝ գետի ջրվեժներից մեկը ցամաքել է, իսկ մյուսից, որը բնության հուշարձանների ցուցակում է, շատ քիչ ջուր է թափվում:

«Խնդրում ենք ուսումնասիրել խնդիրը և պարզել, թե Հերհեր գետի վրա կառուցված հէկերի սեփականատերերը ինչպես են խախտել բնապահպանական նորմերը, չորացրել գետի հունը: Սա միակ դեպքը չէ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են փոքր հէկերի շահագործման արդյունքում զգալի վնաս հասցվում շրջակա միջավայրին: Մեր նախաձեռնությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել սույն հիմնախնդիրը և փաստերի հավաքման աշխատանքներով է զբաղված, որոնք հերթականությամբ կներկայացնենք [բնապահպանության] նախարարությանը»,- ասված է նամակում: