Ջրի խնդիր. բնապահպանները, օմբուդսմանն անհանգստացած են Սևանա լճի մասին օրենքի կապակցությամբ

Սևանի մասին օրենսդրական փոփոխությունը, որով թույլատրվում է լճից հավելյալ ջուր վերցնել, շարունակում է մնալ բնապահպանների և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:


Այս ամռանը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում կատարվեցին լրացումներ, որոնց համաձայն՝ 2012 թ. Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ է uահմանվել մինչև 320 մլն խմ-ը` նախկին 170 մլն խմ-ի փոխարեն:

Մինչ պետական պաշտոնյաները նոր նախագիծն անհրաժեշտ ու ոչ վտանգավոր են որակում, իսկ բնապահպանության նախարարությունից վստահեցնում են, որ Սևանից հավելյալ ջուր վերցնելու հետևանքով լճի մակարդակի նվազում տեղի չի ունենա, բնապահպաններն անընդունելի են համարում լճից անգամ մեկ կաթիլ ջուր վերցնելը, և կարծում են, որ ջրառն արվում է ոչ թե նրա համար, որ տարին սակավաջուր է եղել, այլ քանի որ Սևանի ջրի մակարդակի բարձրացումը կվնասի լճի ափին գտնվող կառույցները (հյուրանոցներ, ռեստորաններ, որոնք պատկանում են մի խումբ պաշտոնյաների):

«Հայպետհիդրոմետ» ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է, որ ձյունառատ ձմռանն ու գարնան պարբերաբար կրկնվող անձրևներին հետևել է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, չի եղել ձյան ինտենսիվ հալք, որի պատճառով ջուրը պակասել է:

«Եթե վերջին տարիներին գարնանային վարարումների ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրանում էր 50 սմ-ով, ապա այս տարի բարձրացավ 23 սմ-ով: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղումները կազմել են 50 տոկոս: Դրանք եղել են ներզանգվածային, որոնք հոսքի վրա էական ազդեցություն չեն ունենում»,- ասել է Ազիզյանը:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ևս իր մտահոգությունն է հայտնել` տարածելով հաղորդագրություն, որում ասվում է, որ «Սևանի մասին օրենսդրական փոփոխությունները կատարվել են օրենքի ընթացակարգային նորմերի ակնհայտ խախտումով. օրենքն ընդունել են հապշտապ, առանց հասարակական լսումների, առանց շահագրգիռ նախարարությունների ու մարմինների կարծիքները հրապարակային դարձնելու, առանց օրենքի նախագիծը օրենքով սահմանված կարգով ՀՀ ՄԻՊ-ին ներկայացնելու»: