Մտահոգություն Խոսրովի շուրջ. բնապահպանները քննարկում են նոր հակահրդեհային ճանապարհը

Հայաստանի ամենամեծ արգելոցներից մեկի` «Խոսրովի անտառի» ճանապարհի ընդլայնումն առավել «մատչելի կդարձնի արգելոցը», սակայն բնապահպանները կարծում են, որ այն կխաթարի էկոհամակարգը:

«Կարծում ենք՝ ընդլայնված ճանապարհը հնարավորություն կստեղծի, որ ավելի շատ մեքենաներ անտառ մտնեն, ինչն արգելոցի համար անթույլատրելի է, սակայն ճանապարհի ընդլայնման հիմնավորումն այն է, որ այդ տարածքներում հաճախ հրդեհներ են լինում, և այդ ճանապարհի ընդլայնումն անհրաժեշտ է հրշեջ մեքենաների համար»,- հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Չորեքշաբթի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը հավատացրել է, որ այնտեղ «հակահրդեհային ճանապարհ է կառուցվում, ինչի համար ոչ մի ծառ չի հատվել»:

Ըստ Դանիելյանի` թեև ճանապարհն ասֆալտապատ չէ, գրունտային է, սակայն վտանգել է անտառի էկոհամակարգը:

«Քննարկումներից հետո ի վերջո եկանք այն փոխհամաձայնության, որ արգելափակոց կդրվի ճանապարհի վրա, վերահսկողություն կլինի, որպեսզի ճանապարհը նպաստի միայն դրական գործընթացներին»,- ասում է Դանիելյանը:

Արարատի մարզում շուրջ 29.196 հա զբաղեցնող «Խոսրովի անտառ» պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող տարածք է, որտեղ կան շուրջ 1849 բուսական և 283 կենդանական տեսակներ, որոնց մի մասը գրանցված է միջազգային Կարմիր գրքում:

«Էկոլոգիական» հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն ասաց, որ կառավարությունը նպատակ ունի արգելավայրերում զարգացնելու էկոտուրիզմը, որին բնապահպանը թեև դեմ չէ, սակայն կարծում է, որ տուրիզմի զարգացումը վտանգի տակ է դնում արգելավայրը և նրա կենսաբազմազանությունը:

«Ոչ ոք չի ասում, որ մեր երկրում էկոտուրիզմը չպետք է զարգանա, սակայն մեզ մոտ բացակայում է դրա ճիշտ կառավարումը, որի հետևանքով արգելավայրերում կուտակվում է կենցաղային աղբ, տրորվում և փչանում են կարևոր նշանակություն ունեցող բույսեր»,- ասում է Ադամյանը:

Բնապահպաններին անհանգստացնում է նաև «Խոսրովի անտառ» արգելոցում «Գիլան» արգելավայրում վերջերս կառուցված շինությունը (ըստ նրանց տեղեկությունների` շինությունը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին), քանի որ վստահ են, որ այն զվարճանքի կենտրոն է դառնալու:

Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը հայտարարեց, որ իրենք «պատկան մարմիններին շինությունը քանդելու ժամանակ են տվել, իսկ եթե չքանդեն, ապա բնապահպանները` որպես երկրի տերեր, ինքնուրույն կքանդեն»: