Պայքար անապատացման դեմ. հայ բնապահպանները կոչ են անում հողային, ջրային ռեսուրսները պատշաճ կառավարել

Հունիսի 18-ին՝ անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, բնապահպանները նորից ահազանգում են, որ Հայաստանում անապատացման մեծ վտանգ է սպառնում Արարատյան դաշտավայրին:

«Մեր տարածքի 45 տոկոսում էրոզիայի վտանգ կա՝ գերարածեցման, անտառների վերացման պատճառով, նաև հանքարդյունաբերության պարագայում արվող պայթեցումները մեծ վտանգ են սպառնում շրջակա միջավայրի հողային ռեսուրսներին»,- հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հողատարածքների ընդամենը 0,15 տոկոսն է համարվում գյուղատնտեսության համար բարենպաստ, իսկ մոտ 45 տոկոսը լանջեր են, որտեղ բավականին դժվար է գյուղատնտեսությունը զարգացնել:

«Եթե հողային տարածքը կորցնում է իր բերրիությունը, դա կարելի է պատկերացնել որպես անապատացման սկիզբ, իսկ եթե կորցնում է հողի բերրի շերտը, դա արդեն անապատացում է, և քանի որ շատ լայն հասկացություն է, ռիսկերը շատ բարձր են գնահատվում:

Հայաստանի ամբողջ տարածքի 53,2 տոկոսը ենթարկված է անապատացման ռիսկի, որից 28-29 տոկոսի դեպքում վտանգը ռեալ է, և դա մենք տեսնում ենք»,- նկատեց նա, հավելելով, որ հատկապես մեծ վտանգ է սպառնում Արարատյան դաշտին՝ արտեզյան ավազանի հետ կապված:

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով ջրային պաշարներին, նշեց, որ սոսկալի վտանգներ չեն սպասվում, քանի որ Հայաստանն ունի բավարար քանակությամբ ջուր:

«Մենք ունենք բերրի հողեր, շատ ջուր՝ և՛ խմելու, և՛ ոռոգման, միայն թե ջրային տնտեսության քաղաքականություն չունենք, չենք կարողանում կառավարել մեր ռեսուրսները` թե՛ ջրային, թե՛ հողային»,- պնդեց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է անհապաղ կառուցել ևս չորս ջրամբար, որոնք արդեն կառավարության նախագծերում կան:

«Հայաստանի որոշ շրջաններում ոռոգման ջուր չկա, մարդիկ իրենց հողերը ջրում են կոյուղու ջրով»,- եզրափակեց նա: