Օզոնային շերտի պահպանություն. բնապահպանի խոսքով` Հայաստանը լավ վիճակում է

«Պահպանիր երկինքը. պաշտպանիր քեզ` պահպանիր օզոնային շերտը»: Այսօր աշխարհում նշվում է օզոնային շերտի պահպանման միջազգային օրը, և ըստ ոլորտի մասնագետի` Հայաստանում, մասնավորապես, Երևանում օզոնային շերտը լավ վիճակում է:

«Դա մեր արդյունաբերության չաշխատելու արդյունքն է, երբ կար սառնարանների և այլ տեխնիկայի արտադրություն, դրանք արտանետում էին տարբեր նյութեր, որն իր ազդեցությունն էր ունենում»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիլյանը:

Երևանում օզոնային շերտը գտնվում է 1113 մետր բարձրության վրա, Սևանում` 1927 մետրի, իսկ Արագածում՝ 2070 մետրի վրա:

«Մենք այն բացառիկ երկրներից ենք, որտեղ ամբողջ ուսումնասիրությունների շարքը ունեցել ենք, և մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենավատ վիճակը եղել է 1993 թվականին: Հետագա տարիներին արդեն նույնիսկ նորմայից ավելի լավ վիճակ է մեզ մոտ»,- նշեց նա:

Օզոնային շերտը մեծ դերակատարություն ունի` այն էկրանն է, որը պաշտպանում է մոլորակը Արեգակի ռենգենյան ճառագայթներից և ուլտրամանուշակագույն կարճալիք ճառագայթներից, որոնք խիստ վտանգավոր են և´ մարդու, և´ մյուս էակների համար:

«Եթե չլիներ այդ շերտը, էկոհամակարգերն ուղղակի կայրվեին: Օզոնային շերտը պայմանական, մոտավորապես 2-3 միլիմետրանոց է, որը գտնվում է մոտ 20-35 կմ բարձրության վրա` ամբողջ մոլորակի շուրջ»,- նշեց Դանիելյանը:

Տարիներ շարունակ այս հարցը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, և Հայաստանն էլ 90-ականներին միացել է այդ խնդրին:

«Հայաստանը 1990 թվականից միացել է Վիեննայի կոնվենցիային, սակայն մինչ այդ էլ` սովետական տարիներին, արդեն այդ ուղղությամբ գործունեություն ենք ծավալել: Դեռևս 92 թվականին մեզանում սկսվել են Հայաստանի վրա օզոնային շերտի վիճակի ուսումնասիրությունները»,- եզրափակեց բնապահպանը: