Պահպանելով վայրի բնությունը. մասնագետներն առաջընթաց են նկատում Հայաստանի ջանքերում

Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման շնորհիվ հանրապետությունում ավելացել է հազվագյուտ տեսակի կենդանիների գլխաքանակը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Վերջին 4-5 տարիների ընթացքում հատուկ պահպանվող տարածքների սահմանները ընդլայնվել են 80 հազար հեկտարով, որը շատ մեծ թիվ է Հայաստանի նման փոքր հանրապետության համար, քանի որ հատուկ պահպանումը ենթադրում է որոշակի ռեժիմ. հողերը վերցվում են տնտեսական շահագործումից և տրամադրվում հատուկ պահպանությանը»,- ասաց նա:

Մանվելյանի խոսքով` գլխաքանակի մոտ 30 տոկոսի չափով նկատելի աճ կա հատկապես բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի տեսակներում, որը Հայաստանի հարավում գտնվող մի քանի արգելոցների` «Արևիկ» ազգային պարկի, Զանգեզուրի, Խուստուփի արգելավայրերի բարելավման և ընդլայնման շնորհիվ է:

«Այժմ իրականացնում ենք նոր նախագիծ Տաթևի տարածաշրջանում, որը կլրացնի Հայաստանի հարավում գտնվող հատուկ պահպանվող տարածքների ցանցը»,- նշեց տնօրենը:

Խոսելով դրական տեղաշարժի մասին` բնապահպանը նշեց նաև որսագողության կրճատման մասին:

«Եթե 10-15 տարի առաջ մեր խնդիրը որսագողերն էին, ապա այժմ այս մտահոգությունը մղվել է երրորդ-չորրորդ պլան: Հիմա մենք ավելի լուրջ խնդիր ունենք, որը կապված է հանքարդյունաբերության և փոքր հէկերի աշխատանքի հետ»:

Մանվելյանի կարծիքով` հենց հանքարդյունաբերությունն է հանգեցնում կենդանիների ապրելավայրերի կորստին, որի պատճառով վերջերս շատ հաճախ արջերը և գայլերը մոտենում են մարդկանց բնակավայրերին` բազմաթիվ վնասներ հասցնելով:

Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը խնդրի մասին իր հերթին նշեց, որ բնապահպանության նախարարությունը մշտապես հետևում է հանքարդյունաբերության համար հատկացվող տարածքներին և նախապես թեստավորում անցկացնում.

«Այսօր կան հատուկ էկոհամակարգի ծառայություններ, որոնց միջոցով գնահատում ենք` արդյոք հանքարդյունաբերության օգուտները նո՞ւյնը կլինեն տարիներ հետո, թե՞ ամեն դեպքում բնական կենսաբազմազանությունը ավելի թանկ արժի, քան հանքարդյունաբերության օգուտները»: