Վտանգված էկոհամակարգ. բնապահպանը նախազգուշացնում է ապօրինի ծառահատումը կանխելու անկարողության մասին

Հայաստանում անօրինական հատվող ծառերի թիվը գնալով ավելանում է, իսկ պետական մարմինները շարունակում են աչք փակել այդ հանգամանքի վրա` լրագրողների հետ հանդիպմանը ասաց Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) համակարգող խմբի անդամ Լևոն Գալստյանը:

Նրա խոսքով` Լոռու մարզ այցելության ժամանակ իրենց առջև բացվել է Հայաստանի անտառածածկ տարածքների իրական անմխիթար վիճակը.

«Դսեղի և Եղեգնուտի անտառներում անցկացված մոնիթորինգի արդյունքում պարզ դարձավ, որ Դսեղում հատվել են ավելի քան 600 ծառատեսակ, որոնցից 350-ը` թարմ, այսինքն` 1-2 տարվա վաղեմության, Եղեգնուտում` 500, որոնցից 200-ը` նույնպես 1-2 տարվա վաղեմության»,- ասաց նա:

Գալստյանը նշեց, որ իրենց համար հասկանալի է մարդկանց ծանր սոցիալական վիճակը, ովքեր գնում են այդ քայլին, բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է.

«Մենք տեսել ենք հատուկ տեխնիկայի միջոցով արմատախիլ արված ծառեր, որոնք հետագայում ներկայացնելու են քամու հետևանք և օգտագործելու են»,- ասաց նա:

Նա պնդեց, որ հասարակ գյուղացին չի կարող նման տեխնիկա բերել, ծառերը հատվում են ոչ թե որպես վառելանյութ, այլ որպես շինանյութ օգտագործելու համար:

«8 տոկոս անտառածածկ ունեցող մի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, նման շռայլությունը 20-30 տարի հետո անդառնալի հետևանքների է հանգեցնելու: Մենք մոռանում ենք, որ անտառը ոչ թե վառելանյութի աղբյուր է, այլ հսկա էկոհամակարգ, որը մասնակցում է տարբեր բնական պրոցեսների»,- նշեց նա:

Անդրադառնալով վերջերս ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախազգուշացմանը ճանապարհային ոստիկաններին այն մասին, որ զգոն լինեն փայտով բեռնված մեքենաների նկատմամբ, նա ասաց.

«Մի քանի տարի առաջ էլ մոտ 160 մեքենա էին կանգնեցրել և տուգանել, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Մեզ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ կանեն ծառը հատելուց հետո, այլ այն, թե ինչպես կանխել այդ երևույթը»,- եզրափակեց նա: